ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի ցանկանում շոուի կարգով վիճաբանության մեջ մտնել նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ: Այս մասին, այսօր` սեպտեմբերի  13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչու չի ցանկանում բանավիճել Անդրիաս Ղուկասյանի հետ: Նա նաեւ նշեց, որ  բավականին լուրջ գործիքների է տիրապետում, որ արձագանքի այն խնդիրներին, որոնք կապված են իր եւ իր կուսակցության հետ:

«Այն գործիչներից մեկն եմ, որ հարգում եմ բոլորի տեսակետը, նույնիսկ չընդունելով դրանք: Գտնում եմ, որ տարբեր տեսակետները քննարկումների դաշտ են ստեղծում քաղաքական դաշտում: Այսինքն` ես որեւէ մի ընդդիմադիր գործչի ասելիքին հակասելու ոչինչ չունեմ»,- հիմնավորեց Գալուստ Սահակյանը:

Իր հերթին Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ Գալուստ Սահակյանը վերջի պահին է նման որոշում կայացրել, ինչն իր համար անակնկալ էր:

Նա էլ, թեեւ մի սեղանի շուրջ նստել էր մյուս բանախոսի՝ Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի հետ, բայց հայտարարություն արեց եւ հեռացավ՝ չբանավիճելով նրա հետ: Ռոբերտ Ահարոնյանն էլ ասաց, որ ինքն ու Գալուստ Սահակյանը միջանցքում միասին խոսել են եւ վերջինս միայն Անդրիաս Ղուկասյանի հետ չի ցանկացել բանավիճել:

«Բայց մեր հարգելի Անդրիասը չցանկացավ բանավիճել ինձ հետ: Դե բանավիճելիս պետք է կարողանաս քեզ ապահովել»,- ընդգծեց Ռոբերտ Ահարոնյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am