Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի մոսկովյան համատեղ հայտարարությամբ սոցիալիստական շարժման նվազագույն ծրագիրը կատարվեց: Այս մասին, այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը: Նրա խոսքով՝ այդ հայտարարությամբ, ոչ մի անկախություն չի ոտնահարվում, ոչ մի ընդվզում հանրապետությունում չկա: «Անդրիաս Ղուկասյանի կողմից ստեղծված տարբեր ալիքները դա ընդվզում չի: Ես կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը 90 տոկոսով ողջունում է Սերժ Սարգսյանի այդ քայլը: Եթե չողջուներ՝ Բաղրամյան փողոցի վրա կհավաքվեր, ոչ թե մի 15 ակտիվիստ կլիներ: Նույն ակտիվիստները պայքարում են Կոմիտաս 5-ում, Փակ շուկայում՝ Սամվել Ալեքսանյանի դեմ եւ հանկարծ բարձրացնում են ամենագլոբալ՝ Ռուսաստան-Հայաստան հարցը: Դա կեղծիք է: Չի կարող կապիտալիստական երկրում կապիտալիստական Րաֆֆի Հովհաննիսյան, կապիտալիստական Անդրիաս Ղուկասյան, կապիտալիստական Պարույր Հայրիկյան, լինեն ընդդիմություն»,- ասաց բանախոսը:
Նա միաժամանակ ավելացրեց, որ կապիտալիստական երկրում ընդդիմությունը պետք է լինի միայն սոցիալիստական եւ հակառակը: Նա հույս հայտնեց, որ իրենց առավելագույն ծրագիրը՝ սոցիալիզմի վերադարձը, դեռ տեղի ունենալու է:





























