Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը Մաքսային միությանը միանալու անհրաժեշտության մասին Հայաստանի հայտարարությունը գնահատում է որպես լուրջ քաղաքական քայլ եւ լրիվ հնարավոր է համարում նրա մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության ձեւավորման հարցում:

«Այդ հայտարարությունը Հայաստանի շատ կարեւոր քաղաքական քայլն է եւ դա ռազմավարական ընտրություն է»,-այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Մինսկում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սլեպնյովը: Նա վստահություն է հայտնել, որ «Հայաստանի լիիրավ մասնակցությունը Մաքսային միությանը կհանգեցնի հայկական տնտեսության վերականգնմանը, որն այսօր այնքան էլ բարենպաստ վիճակում չէ»,-ասել է Սլեպնյովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու ուղղությամբ Հայաստանի հետագա քայլերի իրականացմանը, նա ենթադրել է, որ «կլինեն մի շարք հարցեր՝ կապված օրենսդրության նույնականացման, միջազգային պարտավարությունների ներդաշնակեցման հետ»: «Ինչ վերաբերում է ժամկետներին, պետք է ձգտել, որպեսզի Հայաստանը դառնա Եվրասիական տնտեսական միության համահիմնադիր, ուստի լրիվ իրատեսական է մեկ տարվա ընթացքում Մաքսային միությանը միանալու շուրջ աշխատանքներն ամփոփելու համար»,-հայտարարել է Սլեպնյովը: