Քիչ առաջ NEWS.am-ի լրագրողը «Ծածկած շուկայի» մոտ ականատես է եղել երիտասարդ աղջիկների միջեւ ուշագրավ զրույցի: Սամվել Ալեքսանյանի պաշտպանությամբ ու շուկայի բացումը պահանջող երեք աղջիկ կանգնած զրուցում էին՝ սպասելով շուկայի շինարարության դադարեցումը պահանջող ակտիվիստներին, երբ նրանց մոտեցել է չորրորդը: Աղջիկները հարձակվել են նրա վրա՝ ասելով. «Ինչի՞ ես ուշանում, քեզ Վահագը չի՞ ասել, որ 3-ից ուշանաս, փողիցդ կպահեն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 15:00-ից հավաքվել են Մաշտոցի պուրակում, որտեղից երթով շարժվում են դեպի «Ծածկած շուկա»:

Ժամը 15:00-ից «Ծածկած շուկայի» մոտ հավաքվել են շուկան կառուցապատող գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սատարողները ու վանկարկում են «Բացում, բացում»:  Հիշեցնենք, որ թեեւ վերջինները ներկայանում են, որպես շուկայի նախկին աշխատողներ եւ հարակից շենքերի բնակիչներ, նրանց մեծ մասը «Մալաթիա» տոնավաճառի աշխատողներն են, ինչի մասին նրանցից մի քանիսը ավելի վաղ խոստովանել էին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում: Սամվել Ալեքսանյանին սատարողներն այնքան ագրեսիվ պահվածք են դրսեւորում յուրաքանչյուր «ոչ յուրայինի» նկատմամբ, որ շուկայի մոտ հավաքված լրագրողները թաքցրել են իրենց վկայականները ու կանգնել հեռվում:

Շուկայի մոտ նաեւ մեծ թվով ոստիկաններ կան: Մի քանի ոստիկան էլ ուղեկցում են դեպի շուկա շարժվող ակտիվիստներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am