Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Սերգեյ Բագրատյանը մտադիր է զբաղվել բիզնես գործունեությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերգեյ Բագրատյանը:
Նա այժմ զբաղվում է դասախոսությամբ, բայց հետաքրքրված է նաեւ նոր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես գործունեությամբ զբաղվելով, դեռ բիզնես պլան են մշակում, քննարկումներ անում: Իսկ թե ինչն է բիզնեսով զբաղվելու պատճառը, նա նկատեց. «Եվ դասախոսի աշխատավարձը չի բավականացնում, եւ բնականաբար, դրան զուգահեռ դոկտորական ատենախոսության շրջանակներում ենք աշխատում, այնպես որ լրացուցիչ հնարավորություններ են պետք: Բիզնեսը կլինի էներգիայի արդյունավետ կառավարման ոլորտում, արեւային հողմաղացներ, արեւային էներգիայի օգտագործում եւ այլն»,- նշեց նա:
Սերգեյ Բագրատյանի խոսքով` զարգացած երկրներում այդ տեխնոլոգիան ներդրված է, քանի որ Հայաստանը, որպես արեւային երկիր, ունի զարգացման հեռանկարներ, արտասահմանյան փորձը ցանկանում է տեղայնացնել: Կան հայազգի գիտնականներ, ովքեր այդ ուղղությամբ լուրջ աշխատանք են կատարել, պետք է համագործակցեն, որպեսզի կարողանան գիտնականների հանձնախումբ ստեղծել, եւ այն ավելի մատչելի, կիրառելի դարձնել բնակչության համար: «Դա այլընտրանքային էներգիայի աղբյուր է, եւ մենք կարող ենք ոչ թե թանկ գնով էներգիա գնենք, այլ կարողանանք փոքր գումարով մեկանգամյա ներդրումով 40-50 տարի իր էներգիայի սպառման խնդիրները լուծել շատ մատչելի: Սարքավորումները բազմապիսի են, պետք է արդյունավետության հաշվարկ ունենանք, որովհետեւ կա մեծ ներդրումով ավելի էներգախնայողական համակարգեր, կան նաեւ, որ ավելի էժան են, բայց խնայողությունը 30 տոկոսով պակաս է, պետք է գտնել գին-որակ մատչելի համադրությունը, որ մեր հանրությանը մատչելի լինի, կա 1000 դոլարով սարքավորումներ, ուզում ենք 300-400 դոլարին համարժեք դրամով սարքավորումներ, որ բնակչությանը մատչելի լինի, կարողանան ձեռք բերել, դրանից հետո նորմալ սպառման դեպքում միջին ընտանիքի հաշվարկներով ամիսը կարող է 1000 դրամ էներգիայի ծախս գալ, այդպես կարող են 40-50 տարի օգտագործել էներգիան եւ հանգիստ լինել, որ թանկացումների ժամանակ վտանգ չի սպառնա»,- նշեց նախկին մարզպետը:
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ զբաղվում է նաեւ կուսակցական գործունեությամբ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ է, մարզային կառույցի ղեկավարն է,« քանի որ ակտիվ քաղաքական գործընթացներ չեն ծավալվել, հանգիստ ռեժիմի մեջ են, հիմնականում խմբակցությունն է իրականացնում գործունեությունը, մերը մարզային այցելություններ, կուսակցական շարքերի հստակեցում, ծրագրեր եւ այլն:
Անդրադառնալով ՀՔԾ-ում չարաշահումների փաստով հարուցված քրեական գործին, նախկին մարզպետն ասաց, որ իրեն մեղադրանք չի առաջադրվել, իսկ ինքը չի հաշվել, թե քանի անգամ է հարցաքննվել, հավանաբար` երկու անգամ: Նա չկանխատեսեց, թե այդ գործը ինչ հանգուցալուծում կստանա: «Չեմ կարող ասել, գուշակություններ չեմ զբաղվում, իրավական հարթության վրա պետք է որոշել: Եթե որեւէ գործողություն չեմ արել, ինչո՞ւ պետք է մտավախություն ունենամ»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Վայոց ձորի նախկին մարզպետի եւ մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2013 թվականի մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի 1-ին կետերով՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բ.Մկրտչյանի եւ մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նախաքննություն կատարելու համար 03.05.13թ. գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:





























