«Մուշ» շոգեբաղնիքի տնօրեն, 61-ամյա Լորիս Լամբրիանովը, թեեւ մեղադրվում էր իր շոգեբաղնիքը մարմնավաճառներին տրամադրելու եւ նրանց պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ եւ պարագաներ ապահովելու մեջ, բայց խուսափել է պատժից: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացել էր, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
61-ամյա Լորիս Լամբրիանովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. ապրիլի ամսից մինչեւ 2013-ը ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իր կողմից ղեկավարվող Երեւանի Բագրատունյաց փողոցի 47 հասցեում գտնվող «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը, գույքային օգուտ ստանալու նպատակով օգտագործել է երկու եւ ավելի մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելու համար:
Ավելին` նա ապահովել է մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ եւ պարագաներ: Նա տրամադրած յուրաքանչյուր առանձնասենյակի մեկ ժամի համար գանձել է 4 հազար դրամ։ Քննելով գործը, դատարանը վճռել է Լորիս Լամբրիանովին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ այդ հոդվածի սանկցիայով դատապարտել 3 տարվա ազատազրկման։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ երկու տարի փորձաշրջանով։





























