Թոռանս իբր կորելու մասին հայտարարության միջի լուսնկարն արվել է հարեւանիս երեխայի ծննդյան արարողության ժամանակ, նրանց հյուրերից մեկի կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2-ամյա փոքրիկի տատը՝  Սուսաննա Թիֆիլյանը եւ ավելացրեց, որ հետո այդ նկարը սոցիալական ցանցում են տեղադրել, որ արտերկրում գտնվող փոքրիկի ծնողները տեսնեն:

Տատիկը նաեւ ասաց, որ ծնողներին չի ասել այդ կեղծ աղմուկի մասին: «Ծնողներին ի՞նչ ասեմ, որ վատանա՞ն: Այ բալամ, իրենք այնքան խառը վիճակի մեջ են, որ ինտերնետ չեն մտնում: Էս քաղաքից էն քաղաք են գնում, որ մյուս էրեխային բուժեն: Ես մի հատ էլ  էս նորությունը հայտնեմ, որ լրիվ վատանա՞ն»,- ավելացրեց փոքրիկի տատիկը:

Ավելի վաղ Սուսաննա Թիֆիլյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ իր թոռանը չեն առեւանգել եւ հավաստիացրել, թե փոքրիկի կորելու մասին հայտարարությունն իր հարսը չի տարածել: «Ես չգիտեմ ով է գրել այդ հայտարարությունը, խեղկատակություն են արել, ինչ են արել: Երեկ բանից անտեղյակ մանկապարտեզում երեխայի ժողովին էի մասնակցում, ոստիկանները եկան ինձ ու թոռանս տարան ոստիկանություն 4 ժամ պահեցին:  Գրողը ով գիտի իրա համար հանգիստ ֆռֆռում ա, ինձ տարել, եսիմ ինչ են անում: Բան չունեմ ասելու, ինձ ոստիկանությունում լավ են վերաբերվել, նույնիսկ դրամապանակս չէի վերցրել, թոռս սոված էր, իրենք գնացին ուտելու բան գնեցին, կերակրեցին»,- պատմեց երեխայի տատիկը: Նա նաեւ պատմել էր, որ իրենց ընտանիքը, երբեք ավտովթարի պատճառ չի էլ եղել ինչպես նշվում է  տարածված կեղծ հայտարարության մեջ, որ երեխային առեւանգելով վրեժխնդիր լինեն: Ավելին` մեքենա չեն էլ ունեցել: «Մեկը իմ թոռանը առեւանգեր, ես սաղ աշխարհը կխառնեի իրար: Այդ երեխային 20 օրականից ես եմ պահել, որովհետեւ տղաս հարսիս հետ մյուս թոռանս տարել են արտասահման բուժման եւ 4 տարով այս թոռիս խնամակալությունը ինձ է տրված: Իսկ հարսս ընտիր աղջիկ ա, ընտիր հարս: Ընտիր հարս չլիներ, ես իր երեխային կպահեի՞»,- ասել էր տիկին Սուսաննան եւ ավելացրեց, որ տղայի ընտանիքը Կրասնոդարից տեղափոխվել են Թաթարստան: Հիշեցենք, որ մինչեւ այդ  երեխայի մոր Ծովինար Միքայելյանի անունից հայտարարություն էր տարածվել, որտեղ  նշվում էր. «Խնդրում եմ օգնեք գտնել 2013թ.-ի փետրվարի 25-ին բակում խաղալու ժամանակ առեւանգված դստերս՝ Սուսաննա Թիֆիլյանին՝ ծնված 2011թ.-ի ապրիլի 9-ին»: Ասվում էր, թե առեւանգումը տեղի է ունեցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի Մինաս Ավետիսյան 2 փողոցից ժամը 3:00-ի սահմաններում՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Կասկած էին հայտնել, որ երեխան առեւանգվել է Արտակ Պետրոսյանի ծնողների կողմից, ովքեր իրենց որդու մահվան պատճառով անհիմն մեղադրանքներ էին ներկայացնում ամուսնուս՝ Բագրատ Թիֆիլյանին:  Իսկ ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց որտեղ ասվում էր, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 22.00-ին,  բաժին է հրավիրվել 51-ամյա Սուսաննա  Թիֆիլյանը  իր թոռան` 2011 թ. ծնված Սուսաննա  Թիֆիլյանի  հետ եւ  հայտնել, որ ինքը  թոռնուհու խնամակալն է, ու տվել  է բացատրություն, որ թոռանը ոչ ոք չի առեւանգել, եւ հոդվածում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Կատարվում է հետաքննություն: