ՄՄ-ի հետ Հայաստանի ընդհանուր սահմանի հարցն օրակարգում չէ, քանի որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընդամենը խոսք է, կարծում է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Միխեեւը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նա նշեց, որ ՌԴ-ում դեռեւս ոչ մի տարբերակ չի քննարկվում, որովհետեւ մենք դեռեւս չգիտենք՝ արդյոք Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը վերջնակա՞ն է: Ըստ նրա՝ լսել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, սակայն դա դեռեւս խոսք է, այն առայժմ փաստաթղթերով հաստատված չէ, դեռեւս կոնսենսուս էլ չի ձեւավորվել խորհրդարանի եւ նախագահի միջեւ, ուստի ՄՄ-ն դեռեւս չի ստացել ՄՄ-ին միանալու Հայաստանի հայտը եւ չի քննարկել դա:

«Այսօր խոսել ընդհանուր սահմանի եւ հստակ հարցերի մասին՝ դեռ վաղ է: Դա բավականին երկարաժամկետ գործընթաց է՝ մեկ կամ երկու ամսվա ընթացքում կարգավորվող եւ լուծվող հարց չէ: Պետք է կոնսենսուս լինի նաեւ ՄՄ անդամ երեք երկրների միջեւ: Ես կարծում եմ, որ այդ հարցերը դեռ վաղ է քննարկել, եւ դրանք չեն էլ քննարկվում:

Ինչ վերաբերում է ընդհանուր սահմանին, ապա ՄՄ-ն քաղաքական միավորում չէ, այլ տնտեսական, որի համար պարտադիր չէ ունենալ ընդհանուր տարածք, թեեւ շատ լավ կլիներ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատվեր ցամաքային հաղորդակցություն: Ես կարծում եմ, որ տեսականորեն այդ հարցը կարող է լուծվել»,- մեկնաբանեց Սերգեյ Միխեեւը»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):