«Ժամանակ»  թերթը զրուցել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտի հետ:

Պարոն Զաշտովտ, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու ցանկության մասին՝ այդպիսով անակնկալ մատուցելով Բրյուսելին եւ անհնարին դարձնելով Վիլնյուսում Ասոցացման եւ ԽՀԱԱԳ պայմանագրերի նախաստորագրումը: Սակայն, ինչպես վերջին օրերին եվրոչինովնիկների հայտարարություններից է պարզ դառնում, ԵՄ-ն չի փակում իր դռները Հայաստանի առջեւ:

 Հայաստանի այդ որոշումն անակնկալ էր ինչպես Բրյուսելի, այնպես էլ Լեհաստանի համար: Դա անակնկալ էր նաեւ հայաստանյան հանրության համար, որովհետեւ եթե հիշենք վերջին երեք տարիների ՀՀ իշխանությունների հռետորաբանությունը, ապա մենք անընդհատ լսում էինք ՀՀ եվրաինտեգրման ցանկության մասին, այնպես, որ ես կարծում եմ, որ այդ որոշումը հայերի համար անակնկալ էր, զարմացած էին: Դա, բնականաբար, կարեւոր որոշում էր, բայց դա դեռեւս այս ողջ գործընթացի վերջը չէ, ամեն ինչ դեռ ավարտված չէ: Այնպես, որ դեռ մենք պետք է սպասենք իրադարձությունների եւ զարգացումների, որպեսզի ասենք, որն է Երեւանի իշխանությունների վերջնական որոշումը: Դա դեռ վերջնական որոշումը չէ ՀՀ իշխանությունների կողմից:

Պարոն Զաշտովտ, ՀՀ իշխանությունները որոշման հրապարակումից օրեր անց հայտարարեցին, որ իրենց օրակարգում Ասոցացման համաձայնագիրը մնում է, եւ քանի որ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը հակասում է ՄՄ-ին, ապա պատրաստ են ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը: Բացառո՞ւմ եք, որ, այնուամենայնիվ, բանավեճը, որը ծավալվել է Երեւանում եւ Բրյուսելում, այսպես կարող է ավարտվել:

Ես դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ Ֆյուլեի խոսքերից չենք կարող ենթադրել՝ հնարավո՞ր է դա, թե՞ ոչ: Երեւի Բրյուսելում նրանք եւս պետք է որոշում կայացնեն: Կարծում եմ, որ եթե դա նույնիսկ հնարավոր լինի, դա Հայաստանին զրկում է պայմանագրի ամենակարեւոր հատվածից, որովհետեւ դա այն հատվածն է, որը վերաբերում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը, ստիպում Հայաստանին բարենորոգել երկիրը, տնտեսությունը, եւ ցավալի է, որ Հայաստանը հրաժարվում է պայմանագրի հենց այդ հատվածից»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):