Երեկ Ծաղկաձորում ընթացող ՍԴՀԿ 20-րդ համագումարում ընտրվել է 11 հոգանոց վարչություն, որտեղ Հայաստանը ներկայացնում է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Գեւորգ Պերկուպեկյանը։ Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Այսօր վարչության անդամները պետք է ընտրեն ատենապետ եւ փոխատենապետ։ Մեր տեղեկություններով՝ ՍԴՀԿ-ում հնարավոր է տեղի ունենա իշխանափոխություն։

Համագումարում քննարկվել են նաեւ ներքաղաքական հարցեր։ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցում ՍԴՀԿ-ն ունի «զգուշավոր դրական» մոտեցում։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր կամ իշխանամետ լինելուն, ապա այդ հարցում եւս ՍԴՀԿ-ականները «զգուշավոր» ձեւակերպում են գտել։ Ըստ այդմ, ՍԴՀԿ-ն սոցիալիստական կուսակցություն է, եւ նրա դիրքորոշումը մնում է անփոփոխ. Քանի դեռ Հայաստանում թեկուզ մեկ հայ աղքատ կա, իրենք լինելու են ընդդիմադիր։ Սա չի խանգարում, սակայն, որ ՍԴՀԿ-ն շնորհավորի նախագահ Սարգսյանին կամ մասնակցի նրա երդմնակալությանը...»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):