Վաշինգտոնի Ծովակալության շենքում կատարված ողբերգությունից մի  քանի ժամ անց ամերիկյան լրատվամիջոցներում հաղորդագրություններ հայտնվեցին Սպիտակ տան մոտ հնչած կրակոցների մասին: Բայց շուտով պարզվեց, որ կրակոցներ հիշեցնող ձայները պետարդների պայթյուններ էին:

ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցները կալանավորել են խուճապ առաջացրած տղամարդուն:  Պարզվել է՝ խուլիգանը մի քանի պետարդ է պարսպի հետեւից նետել ԱՄՆ նախագահի նստավայրի վրա, հայտնում է ՆՏՎ-ն՝ վկայակոչելով Associated Press-ը: Իշխանությունները հաղորդել են, որ ոչ մի կրակոց էլ չի եղել:

Իրավախախտի ինքնությունը եւ քայլի դրդապատճառները չեն հաղորդվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հայտնի է միայն, որ միջին տարիքի տղամարդ է եղել:

Նման դեպքեր Սպիտակ տան մոտ հաճախ են կատարվում: Այս անգամ խուճապ էր ստեղծվել այն պատճառով, որ մի քանի ժամ առաջ ԱՄՆ Navy Yard ՌԾՈՒ կայանում կատարված հրաձգության հետեւանքով 13 մարդ էր զոհվել, այդ թվում՝ ողբերգության մեղավորը: