Սիրիայի իրադարձությունները, առաջին հերթին, խոսում են հակամարտության միջազգայնացման մասին. այնտեղ առկա են արտաքին երեք բացահայտ խաղացողներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Մեծ Կովկասը սիրիական ճգնաժամի համատեքստում» թեմայով Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:
Քաղաքագետը նշել է, որ առաջին խաղացողը Թուրքիան է, որի գաղափարախոսության համաձայն՝ Սիրիան, բնականաբար, Էրդողանի կառավարության հետաքրքրությունների շրջանակում է: «Մյուս խաղացողն Իրանն է, որի մտերիմը Բաշար Ասադն է, իսկ Իրանն ունի իր տարածքում շիա պետություն ստեղծելու ծրագիր: Իսկ երրորդ խաղացողը Ծոցի միապետություններն են: Այս երեք խաղացողներն էլ Սիրիայում իրենց ուժերին են աջակցում», - ընդգծել է Գելա Վասաձեն:
Ինչ վերաբերում է նրան, թե կարդարացնի արդյոք ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պայմանավորվածությունը, ապա, ըստ նրա, քիմիական զենքի առումով, դա միանշանակ կաշխատի, քանի որ դժվար թե կողմերից որեւէ մեկն այժմ համարձակվի քիմիական զենքը կիրառել եւս մեկ անգամ: Սակայն քաղաքագետը նշել է, որ դա խնդիրն ընդհանրապես չի լուծի, քանի որ սիրիական խնդրի լուծում գոյություն չունի: «Եթե Լիբիայում մենք միասեռ զանգված ունեինք, ապա Սիրիայում իրավիճակը մի փոքր այլ է. բնակչության 15 – 20%-ն այժմ պայքարում է իր ֆիզիկական գոյատեւման համար, նրանց համար Ասադի պարտությունն անձնական ողբերգություն կդառնա», - ասել է վրացի փորձագետը:
Վասաձեի համոզմամբ՝ աշխարհաքաղաքական տեսակետից Հարավային Կովկաս ընդհանուր տարածաշրջան այսօր գոյություն չունի: «Գոյություն ունի Վրաստան, որն անկախ ամեն ինչից, պահպանում է եվրոատլանտյան ուղղվածությունը, Հայաստան, որն ամբողջովին ինտեգրվել է եվրասիական տարածքում, եւ Ադրբեջան, որն իր մոդելով եւ ամեն ինչով ձգտում է Կենտրոնական Ասիայի պետություններին», - նշել է նա՝ հավելելով, որ այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր վտանգը եւ շահերը: Թուրքիայի կապակցությամբ քաղաքագետը կարծում է, որ «հիվանդն ավելի շուտ ողջ է, քան մեռած», այդ պատճառով էլ այնքան էլ ճիշտ չի լինի հայտարարելը, թե Թուրքիան կործանման եզրին է:





























