Հայաստանը դեռ ամեն ինչ չէ, որ կորցրել է եվրոպական ուղղությամբ: Նման կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, «Կոնկորդ» հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Նրա կարծիքով՝ Հայաստանը ԵՄ հետ կարող է ունենալ ավելի բարձր մակարդակի շփումներ, քան Ադրբեջանն ու Բելառուսը: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ Հայաստանի եվրաինտեգրաման մակարդակը, բնականաբար, ավելի ցածր կլինի, քան Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի պարագայում, որոնք պատրաստվում են Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր:
«Հայաստանը ինչ-որ ձեւաչափ պետք է գտնի այլընտրանքային փաստաթղթի համար եւ դրանում պետք է անպայման լինի «ասոցացում» բառը»,-հավելել է Շահնազարյանը Հայաստանի արտաքին քաղաքականությանը նվիրված քննարկումների ժամանակ: Այս առնչությամբ, նրա կարծիքով, Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտի արտահայտությունները՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ, կարելի է հուզական կոչել: «Կարծում եմ՝ Հայաստանն ունի որոշակի հնարավորություններ եւ հուսով եմ, որ իշխանությունները կանեն իրենցից կախված ամեն բան, որպեսզի ստորագրեն ասոցացման մասին որեւէ փաստաթուղթ, գոնե ավելի ցածր մակարդակի, քան մինչ այս նախատեսվում էր»,-եզրափակել է Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմбերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելուց հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդմակցել Մաքսային միությանը: Դրանից օրեր անց Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրումը օրակարգից դուրս է եկել:





























