Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ մեր համագործակցությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Այս մասին, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրի թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան քաղաքապետին է ներկայացրել բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Մարկ Դեյվիսին:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանի եւ բանկի միջեւ առկա գործակցային կապերն էլ ավելի կամրապնդվեն եւ կընդլայնվեն:

«Համոզված եմ, որ այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են Երեւանի քաղաքապետարան-ՎԶԵԲ շրջանակում, հաջողությամբ կշարունակվեն: Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է շարունակել իր աջակցությունը համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների եւ ջերմ ընդունելության համար՝ Մարկ Դեյվիսը հավաստիացրել է, որ, շարունակելով ձեւավորված գործակցային կապերի զարգացման ուղղությամբ քայլերը,  Երեւանի քաղաքապետարանի եւ բանկի միջեւ համագործակցությունը էլ ավելի կակտիվանա:

Տարոն Մարգարյանը համատեղ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաեւ նախկին տնօրեն Վալերիու Ռազլոգին՝ մաղթելով աշխատանքային նորանոր հաջողություններ:

Անդրադառնալով Երեւանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մետրոպոլիտենի զարգացումը  մայրաքաղաքի համար ռազմավարական  կարեւորություն ունի: Քաղաքապետը նաեւ նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով մասնագիտական հաշվարկների առկայությունը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացում կազմել մետրոպոլիտենի ընդլայնման մասին:

«Դեռ տարիներ առաջ, մասնավորապես մետրոպոլիտենի՝ դեպի Աջափնյակ ուղղություններով զարգացման նպատակով քննարկվել եւ որոշակի քայլեր էին ձեռնարկվել: Մետրոպոլիտենի զարգացումն այսօր մեզ համար  քաղաքային տնտեսության առաջնային խնդիրներից մեկն է, որի շուրջ պատրաստ ենք քննարկել կառուցողական ցանկացած առաջարկություն»,-հավելել է Տարոն Մարգարյանը:

Ընդունելով ներկայացվող առաջարկները՝ բանկի երեւանյան գրասենյակի նորանշանակ տնօրենն իր պատրաստակամությունն է հայտնել՝ հնարավորին աջակցել ծրագրի իրագործմանն ու աշխատանքների ակտիվացմանը: