Երեւանում սեպտեմբերի 18-20 –ը անցկացվում է ֆիզիկոսների «Նեյտրոնային աստղերի ժամանակակից ֆիզիկա եւ ռելյատիվիստական գրավիատացիա» անվամբ եռօրյա միջազգային գիտաժողով: Այն նվիրված է նշանավոր հայ ֆիզիկոս Գուրգեն Սահակյանի 100-ամյակին: Գիտաժողովի ժամանակ ներկայացվել է հատուկ զեկույց՝ նվիրված գիտնականի ներդրմանն ու դերին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներից Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Արմեն Սեդրակյանը, գիտաժողովին մասնակցում են մոտ 60 գիտնական Հեյդելբերգից, Ֆրանկֆուրտից, Գրոնինգենից, Նյու-Յորքից, Թեհրանից, Ստոկհոլմից, Մանչեսթրից, Մայամիից, Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտից (ՄՀՄԻ, Դուբնա), Սանկտ-Պետերբուրգի Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտից, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայից (ԵրՖԻ), Ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտից: Մասնակիցների թվում շատ կան արտասահմանում հանգրվանած հայ գիտնականներ, ուսանողներ ու հետթեկնածուական աշխատանք կատարողներ:

Գիտաժողովի մասնակիցներից մեկը` Դենիս Բայկոն Սանկտ-Պետերբուրգի Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտից,  խոսեց գիտաժողովի թեմայի մասին. այն նվիրված է նեյտրոնային աստղերին, որոնք նորմալ աստղերի էվոլյուցիայի արդյունք են: «Նեյտրոնային աստղը, ըստ էության,  երկաթե մի գունդ է, որի տրամագիծը 20 կմ է, եւ այն կշռում է երկու արեգակի չափ։ Այդ աստղի խտությունը նույնն է ինչ որ ատոմային միջուկներիը:  Նեյտրոնային աստղերի օգնությամբ կարող ենք ուսումնասիրել հիմնարար ֆիզիկան, քանի որ նման խտության Երկրագնդի վրա հնրավարո չէ  հասնել.  դա նյութերի հիմնարար հատկությունների ուսումնասիրման բնական լաբորատորիա է:  Բնականաբար, նեյտրոնային աստղերը շատ հեռու են, մենք չենք կարող ջերմաչափով մոտենալ ու ջերմաստիճանը չափել, կամ մեկ այլ պարամետր: Մենք ուսումնասիրում ենք լույսը, որը գալիս է նեյտրոնային աստղից, փորձում ենք մեկնաբանել այն եւ ստեղծել այդ նյութի մոդելները », - բացատրեց գիտնականը։

Նյու-Յորքից երիտասարդ գիտնական Հովհաննես Գրիգորյանն ուրախ է, որ Հայաստանում գիտությունը աստիճանաբար վերածնվում է , եւ որ անցկացվում է նմանատիպ գիտաժողով : «Հայաստանը ունի շատ բարձր ինտելեկտուալ ներուժ , եւ այն երկրի միակ ներուժն  է բնական ռեսուրսների բացակայության պայմաններում», - ասել է նա: Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանից ներուժն ակտիվորեն դուրս է մղվում, երիտասարդ գիտնականն ասաց, որ դա ունի նաեւ դրական կողմ, քանի որ  ստանալով լավ կրթություն դրսում, նրանք կարող են վերադառնալ հայրենիք եւ կիսվել իրենց գիտելիքներով այստեղ: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նա պայմանագիրն ավարտվելուց հետո կվերադառնա Նյու Յորքից, երիտասարդ գիտնականը պատասխանեց, որ դա կախված է Հայաստանի քաղաքական իրավիճակից , այն բանից, թե երկրում վերջապես արդարություն կլինի թե ոչ: «Դժվար է գիտությամբ զբաղվել մի երկրում , որին դա հետաքրքիր չէ», - ասաց է նա եւ հավելեց,- «Մենք այլընտրանք չունենք, մենք կամ պետք է տառապենք,  կամ դառնանք ծրագրավորողներ, կամ մեր ազգի պատիվը մեկ ուրիշ տեղ բարձր պահենք»: Կառավարությունը պետք է գիտությունն այնպես ֆինանսավորի , որ ներգրավի երիտասարդներին, ասաց նա: Գիտնականներին, ովքեր շարունակում են մնալ Հայաստանում, երիտասարդն անվանեց  պարզապես հերոսներ, ում առաջ պետք է խոնարհվել:

Ինչպես պատմեց ակադեմիկոս, Երեւանի պետական համալսարանի ֆակուլտետի ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ Դավիթ Սեդրակյանը, գիտաժողովին ինքն ու իր գործընկերը կներկայացնեն պուլսարների հետազոտությունների արդյունքները: Գիտնականները ենթադրում են, որ իրենց հաջողվել է պարզել պուլսարներից ստացվող ռադիոազդակների առաջացման մեխանիզմը:

Արմեն Սեդրակյանի խոսքով, գիտաժողովի մասնակիցների համար կլինի նաեւ մշակութային ծրագիր՝  դասական երաժշտության համերգի ունկնդրում եւ այցելություն ջազ-սրճարան, ինչպես նաեւ ուղեւորություն դեպի Սեւանա լիճ: Հետագայում գիտաժողովի հոդվածները կտպագրվեն առանջին ժողովածուով:

Գիտաժողովը գերմանական կողմից հովանավորում է Volkswagen հիմնադրամը, իսկ հայկական կողմից՝ Գիտության պետական կոմիտեն եւ Երեւանի պետական համալսարանը: