Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի գլխավորած պատվիրակությանը, որի ժամանակ Բալվաներան ներկայացրել է Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դեւիսին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ համագործակցությունը եւ ցանկանում ենք հետագայում եւս խորացնել եւ ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը»:
Զրուցակիցները դրական եւ արդյունավետ գնահատելով համատեղ ծրագրերի ընթացքը՝ գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ ձեւավորված համագործակցության մակարդակից:
Բրունո Բալվաներան նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել եւ հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը շնորհավորել է նաեւ ՀՀ կառավարությանը՝ եվրոբոնդերի թողարկման կապակցությամբ: «Դա կարեւոր ձեռքբերում է միջազգային կապիտալ շուկաների միջավայրում, ինչը թույլ կտա Հայաստանին ներգրավել ավելի շատ ներդրում»,- ասել է Բրունո Բալվաներան:
Վերջինս նշել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը եւ մշակել ու իրականացնել համատեղ նոր ծրագրեր:




























