Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր քաղաքում կոտորված հայերի եւ մյուս ազգությունների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրումը մեզ համար բավարար չէ, սակայն մեկ քայլ առաջ է Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ճանապարհին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Արմատ մամուլի ակումբում հայտնել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը (ֆոտոռեպորտաժ)։
Թուրքագետի խոսքով՝ Դիարբեքիրում «Համատեղ խղճի հուշարձանի» ստեղծման գաղափարի մասին դեռեւս 2 տարի առաջ հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, ով ասել էր, թե ցանկանում է Դիարբեքիրում տեսնել Ցեղասպանության հուշարձան։
Իսպիրյանը նշեց, որ արդեն այս տարվա սեպտեմբերի 12-ին, Դիարբեքիրի Սուրի շրջանում տեղադրվեց հուշարձանը, որի վրա սակայն ցեղասպանություն բառը չկա։ Թուրքագետն այս փաստը մեկնաբանեց նրանով, որ թե Դիրաբեքիրի քաղաքապետը Օսման Բայդեմիրը, թե Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը հնարավոր դատական հետապնդումից եւ հուշարձանի տեղադրման խոչընդոտներից խուսափելու համար հրաժարվել են ցեղասպանություն բառից։
«Քանի որ տեղադրված հուշարձանի վրա չկա ցեղասպանություն բառը, այն մեզ չի բավարարում, սակայն Դիարբեքիրի իշխանությունների այս քայլը մեկ քայլ առաջ է Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ճանապարհին։ Ասորական համայնքից եւս արձագաքնել են այս հուշարձանի տեղադրմանը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է եւս մեկ հուշարձան, որի վրա գրված կլինի «Ցեղասպանություն» բառը»,-նշեց Իսպիրյանը։
Նշենք, որ Դիարբեքիրում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից բաղկացած քաղաքային խորհրդի կողմից ստեղծվել է Համատեղ ցավի հուշարձան, որը նվիրված է Թուրքիայի հանրապետությունից առաջ եւ հետո կոտորված հայերի, քրդերի, քաղդեացիների, հրեաների, ասորիների, եզդիների եւ մուսուլմանների հիշատակին:
Հուշարձանն իրենից ներկայացնում է վառվող կրակի մեջ նետված գիրք,իսկ գրքի մեջ արտասվող աչք: Մեկ տոննա քաշով, 3 մետր երկարությամբ եւ 2 մետր լայնությամբ հուշարձանի վրա հայերենով, թուրքերենով, քրդերենով, եբրայերենով, արաբերենով եւ անգլերենով գրված է. Ցավերը միավորեցինք, որ այլեւս չկրկնվեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























