Թայլանդի իշխանությունները հայտարարել են երկրում հայտնի բուդդայական վանական Վիրաֆոն Սուկֆոնի ունեցվածքի առգրավման մասին, ով հավատացյալների հանգանակությունների հաշվին կարողացել էր գաղտնի կարողություն դիզել, հաղորդում է Agence France-Presse-ը:

Թայլանդի՝ փողերի լվացման դեմ պայքարի վարչությունը հայտարարել է պետության կողմից 24 մլն բատ (ավելի քան 770 հազար դոլար) չափով կարողության առգրավման մասին: Վանականից առգրավել են նաեւ Harley Davidson մոտոցիկլը, մի քանի ավտոմեքենաներ, անշարժ գույքի մի շարք օբյեկտներ եւ բանկային հաշիվներ:

Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով, վանականները իրավունք ունեն հանգանակություն հավաքել, սակայն պարտավոր են այն ուղղել կարիքավորների օգնությանը, այլ ոչ թե իրենց հարստացմանը: Ոստիկանական հետաքննության ընթացքում պարզվել են նաեւ վանականի՝ մանկապղծության մեջ մասնակցության փաստեր. կասկածում են, որ նա սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ, ով էլ նրանից երեխա է ունեցել, հաղորդում է Lenta.ru-ն:

Հայտնի վանականի անձի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված էր լուսանկարների հրապարակմամբ, որտեղ երեւում էր, թե ինչպես է վանականը Louis Vuitton պայուսակը ձեռքին բարձրանում մասնավոր ինքնաթիռի աստիճաններով: Սկսված հետաքննութան արդյունքում պարզել էր, որ Վիրաֆոն Սուկաֆոնը շահագործում էր մարդկանց վստահությունը՝ ներկայանալով որպես վերածնված հնագույն բուդդայական վանական, ով ավանդության համաձայն հրաշքներ էր գործում:

Քննիչները վանականին կասկածում են հարկերից խուսափելու, փողերի լվացման, անչափահասների այլասերման, թմրանյութերի պահպանության եւ այլ հանցանքների մեջ: Թայլանդի ոստիկանությունը ենթադրում է, որ այս պահին վանականը երկրի սահմաններից դուրս է գտնվում: Կհայտարարվի արդյոք նրա միջազգային հետախուզման մասին ոչինչ հայտնի չէ: