Եթե Ռուսաստանից Եվրամիության երկրներ տարանցվող գազի ծավալը չավելանա, Ուկրաինայի համար նպատակահարմար է բարձրացնել  իր գազատրանսպորտային համակարգի երկու ճյուղերը սառեցնելու հարցը: Այս մասին «Յալթայի եվրոպական ռազմավարության» (YES) ամենամյա 10-րդ հանդիպման ընթացքում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիիկոլայ Ազարովը:

Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է սառեցնել իր գազատրանսպորտային համակարգի երկու ճյուղերը, եթե այդ որոշումը համաձայնեցվի ԵՄ երկրների հետ:

 «Ցավոք, վերջին տարում արդյունահանման ծավալը կրկնակի նվազել է, եւ այսօր մենք մեր գազատրանսպորտային համակարգի հզորության մոտ 60%-ն ենք օգտագործում», - նշել է նա:

Կառավարության ղեկավարը նշել է, որ դա որոշակի ծախսերի է հանգեցնում՝ հաշվի առնելով, որ ԵՄ երկրներն այսօր շահագրգռված են գազի դիվերսիկացմամբ, ինչը նվազեցնում է  Ուկրաինայի ԳՏՀ-ի հզորությունների կիրառումը:

«Ինչո՞ւ պետք է միայն Ուկրաինան վնասներ կրի: Գուցե կոնսեվացնե՞նք այդ գազի երկու ճյուղերը: մեզ 50 մլրդ խմ գազը բավական է», - հայտարարել է նա:

Ուկրաինային եւ ԵՄ-ին անհրաժեշտ է համատեղ նման որոշում կայացնել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ազարովը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ գազային հարցի կարգավորման բարդությունները կհանգեցնեն նրան, որ երկու երկրներն էլ կտուժեն: «Եվ այսօր մենք մեր ռուսաստանցի գործընկերներին ասում ենք, որ եթե 2009թ. պայմանագիրը չփոխվի, այսուհետ եւս կնվազեցնենք գնման ծավալները: Ռուսաստանը դրանից կտուժի, քանի որ կկորցնի խոշոր սպառողի: Ուկրաինան եւս զգալի միջոցներ կծախսի իրեն եւ այլ աղբյուրներին գազով ապահովելու համար», - բացատրել է վարչապետը: