Գրեթե վեց դար ընդմիջումից հետո, այս տարի սեպտեմբեր 24-27-ին Ս. Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնությամբ եւ ներկայությամբ տեղի կունենա Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Ի՞նչ հարցեր են քննարկվելու ժողովի օրակարգում, որքանո՞վ են դրանք արդիական եւ կարեւոր. այս մասին մեզ հետ զրուցել է Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Սրբազան հայր, կխնդրեի խոսել այս ժողովի` նախապատրաստական աշխատանքների եւ կարեւորության մասին:
Երկար տարիներ անց մայր հայրենիքում հանդիպում են Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչները: Սա արդեն իսկ կարեւոր փաստ է, քանի որ եպիսկոպոսաց ժողովն ի սկզբանե` առաքելական հայրերի ժամանակաշրջանից սկսած, դիտվել է որպես եկեղեցու բարձրագույն իշխանության մարմին: Սուրբ Իգնատիոս Անտիոքացին եպիսկոպոսին համեմատում է Քրիստոսի հետ եւ եպիսկոպոսական իշխանության հետ է կապվում եկեղեցու առկայությունը: Եվ այսօր, այս մարմնի ներկայացուցիչները իրավասություն ունեն եկեղեցու գործունեության բոլոր ոլորտներում ընդունելու ցանկացած տեսակի որոշում` դավանաբանական, ծիսական, հոգեւոր-քարոզչական, վարչական-կառուցվածքային եւ այլն:
Ընդհանրապես, եպիսկոպոսաց ժողովների ընթացքում քննարկվում են ժամանակի մարտահրավերները, թե ինչ խնդիրներ են ծառացած Հայ Առաքելական Եկեղեցու, հավատացյալների առջեւ, եւ դրանց լուծումն առաջնային նշանակություն ունի` եկեղեցու եւ հավատացյալների միջեւ կապն ամրապնդելու համար, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ ծառայել մեր ժողովրդին:
Այժմ բարձրաստիճան եպիսկոպոսների գլխավորությամբ ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը կազմել է ժողովի օրակարգը: Նախապատրաստական աշխատանքներում ընդգրկված են նաեւ Մայր Աթոռի այլ միաբաններ ու աշխարհականներ, ովքեր այս օրերին ժրաջան կերպով աշխատում են` ամեն բան ըստ պատշաճի եւ լավագույնս անելու համար: Սա պատմական ժողով է, եւ ամենամանրակրկիտ աշխատանքն է կատարվել, որպեսզի նաեւ կազմակերպչական առումով արտահայտվի եպիսկոպոսաց ժողովի վայելչությունն ու գեղեցկությունը:
Արդեն պատրաստված եւ հաստատված է ժողովի օրակարգը. ի՞նչ հարցեր են ընդգրկված այստեղ եւ որքանո՞վ են դրանք արդիական ու կարեւոր մեզ համար:
Օրակարգում երկու կարեւորագույն հարցեր են՝ Մկրտության միօրինակ ծեսի որդեգրումը, Հայ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնումը եւ այդ շրջանակում Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման խնդիրը:
Մեծ եղեռնի զոհերի սրբադասման համար ստեղծված է հատուկ հանձնախումբ, որը մի քանի տարի շարունակ աշխատել է այս ուղղությամբ: Հանձնախումբը պետք է բերի իր առաջարկները` հավաքականորե՞ն պետք է սրբացնել, որոշ խմբերի՞, թե՞ անհատների: Մեր ավագ հոգեւոր եղբայրների զեկույցներից հետո տեղի կունենան քննարկումներ եւ համապատասխան որոշումներ կկայացվեն:
Գիտենք, որ Եկեղեցին բաղկացած է երկու մասից` զինվորյալ եւ հաղթական: Սրբերը ներկայացնում են հաղթական եկեղեցին, եւ բարեխոս են մեզ համար: Սրբեր ունենալը Եկեղեցու կենդանության նշան է, եւ մեր Եկեղեցին միշտ ունեցել է սրբեր, սակայն պատմանական տարբեր իրավիճակների եւ խնդիրների պատճառով մենք ժամանակի ընթացքում հնարավորություն չենք ունեցել այս հարցերին անդրադառնալու. 17-րդ դարից ի վեր մեր եկեղեցում սրբադասում տեղի չի ունեցել:
Մկրտության հարցի առնչությամբ օրակարգում է այլ եկեղեցիների կողմից կատարված մկրտության ճանաչման խնդիրը, որի շուրջ հավատացյալներից բազմաթիվ նամակներ եւ գրություններ են գալիս, օրինակ, մենք իրավունք ունե՞նք ճանաչել այն անձի մկրտությունը, որ կատարվել է Բողոքական Եկեղեցու ներկայացուցչի կամ կին քահանայի կողմից եւ այլն. ահա այս հարցերի պատասխանները կտրվեն:
Մենք սփյուռք ունեցող ժողովուրդ ենք, ուստի` հարաբերակցության մեջ ենք այլ կրոնների, այլ եկեղեցիների ներկայացուցիչների հետ, մարդիկ կարող են տարբեր հարանվանությունների անդամ դառնալ, եւ կամ խառնամուսնությունների խնդիրներ են լինում. ինչպե՞ս պետք է վարվել այն անձանց հետ, ովքեր գալիս են այլ եկեղեցիներից: Այստեղ մի կողմից կարեւոր է մեր ազգային արժեքներին, ավանդություններին հավատարիմ մնալը, մյուս կողմից` երկխոսության ոգին եւ այլ եկեղեցիների հետ հարաբերությունները պահպանելը:
Ահա այս երկու գլխավոր հարցերն են ժողովի օրակարգում, սակայն մենք այսօր ապրում ենք բազմամշակութային հասարակությունում, որ իր հետ բազմաթիվ մարտահրավերներ է բերում: Պետք է անդրադառնանք այս խնդիրներին եւս, առաջադրենք հարցեր, որոնք կլինեն հաջորդ եպիսկոպոսաց ժողովի օրակարգում։





























