Խիտ կառուցապատված Երեւանը սեյսմիկ տեսանկյունից անվտանգ չէ: Այս մասին սեպտեմբերի 23-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը՝ մեկնաբանելով տարածաշրջանում սեյսմիկ ֆոնի ակտիվացումը: Նա հիշեցրել է, որ խորհրդային խորհուրդների համաձայն, կառուցապատումը Երեւանում, որը գտնվում է սեյսմիկության 3-րդ՝ բարձր գոտում, պետք է ցածր լիներ: «Սակայն «խորհուրդ չի տրվում» ձեւակերպումը կարելի է հեշտությամբ շրջանցել, ինչպես որ այսօր անում են Երեւանի Փոքր կենտրոնում»,-ասել է Նամալյանը:
Մեկ այլ սահմանափակում է երկաթբետոնե շինությունների հարկերի հետ կապված խնդիրը: Այդ հարցը եւս կոնկրետ չէ: «Թույլ էր տրվում կառուցել 14 հարկերից ոչ ավելի ունեցող շինություններ, սակայն առանձին դեպքերում՝ 16: Սակայն մի շարք դեպքերում կարելի էր եւ ավելի բարձր շենքեր կառուցել: Այդ անորոշության պատճառով մեր կենտրոնում այսօր կարելի է գտնել թե 20, թե 24 հարկանի շինություններ՝ նեղ փողոցներում: Մինչդեռ ակտիվ սեյսմիկ գոտիներում խորհուրդ է տրվում հակառակը՝ ցածրահարկ շինություններ եւ լայն փողոցներ»,-ընդգծել է Նամալյանը:
Իրենք իրենցով Երեւանի կենտրոնում նոր բարձրահարկերը սեյսմիկ առումով անվտանգ են, հավելել է նա: «Այդ շինությունները կառուցվել են նոր տեխնոլոգիաներով եւ ստանդարտներով: Տեխնոլոգիաները զարգանում են: Սակայն որքան էլ որ դրանք հուսալի լինեն, խիտ կառուցապատումը, հնարավոր է, շահավետ է շինությունների սեփականատերեի համար, սակայն պոտենցիալ վտանգ է ներկայացնում քաղաքի համար»,-եզրափակել է փորձագետը:





























