Տաջիկները բողոքում են եւ պահանջում դադարեցնել 3 ամիս առաջ թողարկված «Նաշա Ռաշա. Ճակատագրի ձվերը» կատակերգության տարածումը։ Նրանք նշում են, որ տաջիկներին «խոպանչիներ» Ռավշանի և Ջամշուդի կերպարներով ներկայացնելը ազգամիջյան պառակտում է հրահրում եւ որ դա տաջիկ ազգի «բարոյական ցեղասպանություն» է։
Այս առնչությամբ Մոսկվայում գործող «Տաջիկ աշխատանքային միգրանտներ» կազմակերպությունը մարտի 22-ին հայտարարել է, որ դատի է տվել ռուսաստանյան THT հեռուստաալիքով հեռարձակվող «Նաշա Ռաշա» հաղորդաշարը` Միջին Ասիայից ժամանած միգրանտներին վիրավորելու համար:
Տաջիկստանցի միգրատների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավար Կարոմատ Շարիպովը հայտարարել է, որ ռուսական շուկայում տաջիկների հանդեպ կանխակալ վերաբերմունքի մեղավորության առյուծի բաժինը «Նաշա Ռաշայինն» է։ Նրա ներկայացմամբ, Ռուսաստանում ոստիկանները մշտապես տուգանում են տաջիկներին, նույնիսկ եթե նրանց մոտ լինում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, քանի որ իրավապահների համար բոլոր տաջիկները Ռավշան և Ջամշուտ են։ Շարիպովի խոսքով, «Նաշա Ռաշա» հաղորդաշարում Տաջիկստանի քաղաքացիները ներկայացված են որպես «մուրացկաններ, ցածրամակարդակ, ստրկական անցյալ ունեցող ժողովուրդ», ինչը վիրավորական է եւ նվաստացուցիչ: Նա սպառնացել է, որ Ռուսաստանում գտնվող տաջիկները կարող են փողոց դուրս գալ:
Նշենք, որ այդ հաղորդաշարի գլխավոր հերոսներին` Ռավշանին եւ Ջամշուդին մարմնավորում են հայազգի եւ մոլդովացի դերասաններ:
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ տաջիկի մարմնավորող հայազգի Միշա Գալուստյանը դիմել էր ոստիկանություն, նշելով, որ ինքը տաջիկներից սպառնալիքներ է ստանում եւ որ իր կյանքը վտանգված է:



























