Ադրբեջանը շատ կտրուկ եւ անսպասելի վարվեց՝ Համբուրգից ընտրված Բունդեսթագի ՔԴՄ խմբակցության անդամ Յուրգեն Կլիմկեին «անցանկալի անձ» հայտարարելով, ով մինչ այդ այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Այս մասին գրել է Գերմանական «Համբուրգեր Աբենդբլաթ» օրաթերթը:
Պարբերականում տպագրված հոդվածում մասնավորապես ասվում է.
«Կլիմկեն այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Նրա այցը Բեռլինում Ադրբեջանի դեսպանության կողմից գնահատվեց հետեւյալ ձեւակերպմամբ. պետական սահմանների ոչ իրավական հատում եւ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության կոպիտ խախտում: Ադրբեջանի դեսպանության նամակը հասցեագրվել է Յուրգեն Կլիմկեի Բեռլինյան գրասենյակին, որի պատճենը ստացել է թերթի խմբագրությունը:
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմից հետո շուրջ քսան տարի է՝ փխրուն զինադադար է տիրում:
Օրեր առաջ Բունդեսթագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն, որպես արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովների անդամ, Հայաստան կատարած իր այցի ընթացքում ուղեւորվել է նաեւ Լեռնային Ղարաբաղ, որտեղ հանդիպել է ԼՂ նախագահի հետ, որի ղեկավարած երկիրն անկախություն է հռչակել:
Եվ ահա Բաքուն մերժում է Կլիմկեի մուտքն Ադրբեջան, ով հոկտեմբերին պատրաստվում էր դիտորդի կարգավիճակով ներկա լինել Կովկասյան ավտորիտար երկրի ընտրություններին: Այն, որ Կլիմկեի մուտքն Ադրբեջան արգելվել է, այդ մասին օրաթերթի խմբագրությանը հաստատել է նաեւ Ադրբեջանի դեսպանությունը: Այս կարգը գործում է բոլոր նրանց համար, ովքեր առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Լեռնային Ղարաբաղ:
Լեռնային Ղարաբաղը, որտեղ հիմնականում հայեր են ապրում, մոտ երկու անգամ մեծ է Սաար երկրամասից: 1991թ. հռչակել է իր անկախությունը: 1920թ. Սովետական իշխանությունները գրչի մեկ հարվածով Լեռնային Ղարաբաղը հատկացվել է Սովետական Ադրբեջանին: 1990-ականների սկզբին շուրջ մեկ միլիոն հայեր եւ ադրբեջանցիներ են տեղահանվել, 50.000 մարդ զոհվել է պատերազմի ժամանակ:
Կլիմկեն ափսոսում է եւ առաջարկել է Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպել եւ խոսել: Նա համարում է, որ իր այցն անհրաժեշտ էր հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ կարծիք կազմելու համար:
«Ինձ անցանկալի անձ հայտարարելն օգտակար չէ, իմ ձեռքը մեկնած է մնում», - այսպես է պատասխանել Յ. Կլիմկեն:
Ադրբեջանը վկայակոչում է տարածքային ամբողջականության, իսկ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը՝ Ազգերի ինքնորոշման սկզբունքին»:





























