Ցանկացած զարգացած երկրում զուգարանը կարեւոր տարր է համարվում զբոսաշրջիկին գրավելու համար: Այդ պատճառով էլ եվրոպական երկրներում պարբերաբար իրականացվում են հանրային զուգարանների արդիականացման ծրագրեր: Եվրոպայի խոշոր քաղաքներում 7-8 հազ. հասարակական զուգարան է գործում, որոնք աչքի են ընկնում իրենց մաքրությամբ:
Երեւանում հանրային զուգարանները կարծես թե վաղուց վերացել են: Դրանց փոխարինում են մասնավոր զուգարանները` հիմնականում սրճարանների տարածքում: Դրանցից օգտվելն արժե 50-100 դրամ: Սակայն զբոսաշրջիկի համար բավական դժվար է գտնել այդ զուգարանների տեղը, ուստի Երեւանում շրջայց կատարողները հաստատ անհարմար վիճակներից չեն խուսափի:
Առավել վատ է վիճակը հանրապետության զբոսաշրջային վայրերում: Մոտ 10 տարի առաջ կառավարությունը պարտավորեցրեց գազալցակայաններին ու բենզալցակայաններին` տեղադրել զուգարաններ հանրային օգտագործման համար, սակայն դրանցում իրավիճակը արագորեն դարձավ անմխիթար: Բանը հասել է նրան, որ հեռավոր վայրեր զբոսաշրջիկ տեղափոխող մեքենաները բնական կարիքների համար կանգառն իրականացնում են ճամփեզրերին: Գուցե դա որոշ զբոսաշրջիկների դուր է գալիս, սակայն մեր երկիրը հաստատ գրավիչների շարքին չի դասում: Հաստատապես կարելի է ասել, որ վատ զուգարաններն ու ճանապարհները ավելի շատ զբոսաշրջիկ են վանում, քան կարելի է գրավել փառատոններ կազմակերպելով:
Կառավարությունը հարցին լուծում տալու ոչ լավագույն միջոցը գտավ` 2010 թ. 100 մլն դրամ հատկացրեց երկու թանկարժեք զուգարանների համար, որոնք ժամանակ առ ժամանակ չեն էլ գործում: Եթե անգամ անխափան աշխատեին էլ` խնդիրը արմատապես չէր փոխվում, չէ՞ որ հանրապետությունում զբոսաշրջային վայրերը շատ ավելին են:
Պարզվում է` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մի քանի տարի առաջ մշակել են «ՀՀ հասարակական վայրերի զուգարաններով ապահովման հայեցակարգ»: Ավելին` երբ ՀՀ Վերահսկիչ պալատը ամփոփել է երկու թանկարժեք զուգարանների գնման մասին հաշվետվությունը (դրանց վրա ծախսը համարելով անարդյունավետ), հատուկ նշել է, որ զուգարանները գնվել են այդ հայեցակարգի շրջանակներում` կառավարության որոշմամբ: Սակայն որեւէ տեղ այդ հայեցակարգը տպագրված չէ, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն էլ ասում է, որ այդ հայեցակարգը շրջանառվել է կառավարությունում, սակայն չի հաստատվել: Անհասկանալի է մնում` եթե հայեցակարգը չի հաստատվել, ինչո՞ւ է Վերահսկիչ պալատը դրա վրա հղում անում: Կամ` ինչու է՞ կառավարությունն առանց հայեցակարգի գնումներ իրականացնում: Ցավոք` էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները հիմա ամեն առիթով խուսափում են խոսել զուգարանների թեմայով` հավանաբար դրա մասին խոսակցությունը նրանց նույնքան տհաճություն է պատճառում, որքան կեղտոտ զուգարանից օգտվելը:
Սակայն մի՞թե որեւէ մեկը կարծում է, որ Երեւանին ու զբոսաշրջային վայրերին պետք չեն մաքուր հասարակական զուգարաններ: Բայց մինչ թանկարժեք գնումներին անցնելը` հարկավոր է ծրագիր ունենալ, այդ ծրագիրը հանրային քննարկման դնել ու չստեղծել այն իրավիճակը, որն առաջացավ բիոզուգարանների դեպքում: Իսկ վերջիններիս հետ կապված մի այսպիսի հետաքրքիր դրվագ էլ կա` ըստ կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի որոշման` այդ զուգարանները պետք է շահագործման հանձնվեն մասնավոր ընկերությանը, իսկ մասնավոր ընկերությունը պետք է ընտրվի մրցույթով: Սակայն մրցույթ չի իրականացվում, իսկ զուգարանների կառավարումը հանձնվում է Ազգային մրցունակության հիմնադրամին, ու մինչ այսօր էլ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ հիմնադրամը պետք է զբաղվի զուգարանների շահագործմամբ:
Հարցականներն այստեղ իրոք շատ են, սակայն պատասխանների ակնհայտ դեֆիցիտ կա:
Սամվել Ավագյան




























