Սեպտեմբերի 25-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպեց DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցների հետ:

Հանդիպման ընթացքում Անդրեյ Պյատախինը երիտասարդներին ներկայացրեց խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, մասնակիցների հետ կիսվեց հաջողակ լինելու եւ նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով, ինչպես նաեւ քննարկվեցին ղեկավարման հմտություններ զարգացնելու եւ թիմային ոգին ամրապնդելու թեմաները:

 «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ, եւ մենք շարունակելու ենք աջակցել հատկապես այն երիտասարդներին, ովքեր սեփական աշխատանքով կկերտեն իրենց հաջողության ճանապարհը: Անչափ ուրախ եմ, որ այսօր հանդիպել եմ հենց նման երիտասարդների: Հավատացած եմ, որ մոտ ապագայում մենք կհանդիպենք արդեն որպես գործընկերներ եւ համատեղ կիրականացնեք արդիական եւ բիզնես ոլորտում նոր լուծումներ առաջարկող ծրագրեր»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի մասնակիցները հանդիպման ժամանակ ստացան նաեւ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները եւ ձեռք բերեցին նոր գիտելիքներ ու հմտություններ տեխնոլոգիական ձեռներեցության վերաբերյալ:

Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցում էին 16-30 տարեկան 26 անձինք, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալ ոլորտի առաջնորդների հետ, լսեցին նրանց հաջողության պատմություններն ու բացահայտեցին առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցեցին ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին եւ ձեռք բերեցին կիրառական գիտելիքներ: Լավագույն գաղափարների հեղինակները ստացան դրամական պարգեւներ եւ հնարավորություն առանձին  տաղավարով ներկայանալու հոկտեմբերի 4-6 կայանալիք DigiTec 2013 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին:

DigiCamp` ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: