Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ ինտենսիվ, սակայն անկայուն առճակատումը բարձր զգայունակության փուլում է, ասվում է Միջազգային ճգնաժամային խմբի «Հայաստան եւ Ադրբեջան. Ռիսկերի սեզոն» զեկույցում:
Զեկույցում ընդգծվում է, որ 2011-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող խաղաղ բանակցությունները դադարեցվել են, ինչը հագեցրել է սպառազինման ինտենսիվացմանն ու դաժան հռետորաբանության զարգացմանը: Զեկույցում նշվում է, որ երկու կողմերում էլ գնալով ավելի հաճախ են շրջանառում «կայծակնային պատերազմ», «տոտալ պատերազմ» եւ նմանատիպ այլ հայտարարություններ: Գնալով ավելանում են բախումները հայ-ադրբեջանական սահմանին, Ղարաբաղից հեռու, որը հակամարտության կենտրոնն է: Զեկույցում նաեւ նշվում է, որ լարվածությունն ավելանում է նաեւ Նախիջեւանի շրջանում:
Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի համաձայն՝ երկու երկրներում էլ ներքին քաղաքական անհնազանդության հնարավորությունը ավելացնում է անորոշությունը: Ներքին հուզումները կարող են դրդել երկրների ղեկավարների արհեսական լարվածություն ստեղծել շփման գծում՝ բնակչության ուշադրությունը շեղելու: Բացի այդ, Ադրբեջանի նախագահը երրորդ անգամ է առաջդրվում որպես երկրի ղեկավար: Հայաստանում էլ անորոշ վիճակ է, քանի որ ընդդիմադիր խմբերը բողոքի աշուն են ծրագրում:
«Ռուսաստանի դիրքորոշումը մի շարք հարցեր է առաջացնում: Այդ երկիրը ոչ միայն Մինսկի խմբի համանախագահ է, այլեւ խոշոր ռազմավարական հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում եւ սպառազինություն է մատակարարում հակամարտող երկու կողմերին էլ»,-ընդգծվում է զեկույցում: Զեկույցում նաեւ ընդգծվում է, որ Ռուսաստանը շատ ավելի որոշակի գործողությունների պետք է գնա, որպեսզի կողմերը համաձայնության գան: Դա կարելի է անել՝ հայտարարելով, որ կողմերին զենք այլեւս չի մատակարարվելու: Նույնը պետք է կոչ անել նաեւ մյուս մատակարարներին ՝ Հարավային Կորեային, Իսրայելին:





























