Մենակության զգացումը մարդկանց դրդում է համարձակ քայլերի: Առաջին հերթին, դա վերաբերում է փողերին,  նշվում է Հոնկոնգի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի Ռոդ Դակլոսի ուսումնասիրությունում: Գիտնականը մի քանի փորձ է կատարել:

Սկզբում կամավորների խմբին առաջարկել են երեքով առցանց խաղալ: Խաղն այնպիսին էր,որ վերջում հիմնականում երկուսն էին խաղում: Այդպես երրորդի մոտ մենակության եւ մերժված լինելու զգացում է առաջացել: Խաղից հետո կամավորները պետք է ընտրեին 200 դոլարի (հաղթելու հավանականությունը` 80%) եւ 800 դոլարի (հավանականությունը` 20%) միջեւ: Վիճակագրությունը ցույց է տվել, որ երրորդ մասնակիցը ամենից հաճախ ընտրել է վտանգավոր տարբերակը, հաղորդում է MedDaily.ru-ն:

Հոնկոնգում իրականացվել է նաեւ դաշտային փորձարկում որի ընթացքում պարզվել է մարդկանց վերաբերմունքը փողի եւ շրջապատի նկատմամբ: Պարզվում է,  միայնակները հաճախ են խաղադրույքներ կատարում ձիավազքում, խաղում խաղատանը եւ գումար ներդնում կասկածելի նախագծերում: Հատկապես խոցելի վիճակում են տարեց միայնակները: 

Հավանաբար բարձր եկամուտ ստանալը կապված է փողի հաշվին հայտնի դառնալու միայնակ մարդկանց փորձերի հետ: Իսկ ավելի վաղ մասնագետներն արդեն ապացուցել էին, որ մերժվածները հակված չեն բարեգործության, ավելի շատ փող են սիրում եւ ծանր են տանում, երբ զգալի գումար են ծախսում: Սակայն փողը կարող է նվազեցնել ընկճախտը: