Հայաստանի կառավարությունը հեռացել է կոալիցիոն հուշագրի հիմնական սկզբունքներից, եւ տարօրինակ է, որ կառավարող կուսակցությունները չեն հայտարարում այդ փաստաթղթից հրաժարվելու մտադրության մասին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանին վրդովվեցնում է փաստը, որ կոալիցիոն կուսակցությունները հրապարակայնորեն չեն ներկայացնում իրենց գործունեության հաշվետվությունը։ Նրա խոսքով, Հայաստանում այսօր չլուծված հարցերը բարդվում են իրար վրա: «Վերջին շրջանի հիմնական խնդիրը գների կտրուկ աճն է բնակչության ընդհանուր անվճարունակության ֆոնին: Հարկ է նշել, որ գնաճը նկատվում է անկախ նրանից, որ գազի եւ ջրի գնի բարձրացման պաշտոնական որոշումը դեռ չի մտել ուժի մեջ»,- նկատեց Ռուստամյանը՝ չլուծված խնդիրների շարքում առանձնացնելով միգրացիան եւ տնտեսական մենաշնորհները: Այդուհանդերձ, ըստ Ռուստամյանի, ՀՅԴ-ն չի պահանջում կառավարության հրաժարականը:

Խոսելով Հայ ազգային կոնգրեսի տնտեսական ծրագրի մասին՝ Ռուստամյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց այն: Բայց տարօրինակ համարեց փաստը, որ ազատական քաղաքական ուժը ներկայացնում է տնտեսական ծրագիր, որի մեծ մասը նախատեսում է սոցիալիստական բարեփոխումներ: «Ընդհանրապես Հայաստանում տարօրինակ միտում է նկատվում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրությունների նախօրեին հանրությանն է ներկայացնում սոցիալիստական նախընտրական ծրագիր, սակայն գալով իշխանության չի կատարում այն»,- ասել է Ռուստամյանը: