Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրից վտարել իսրայելցի դիվանագետներից մեկին:
Ինչպես գրում է Daily Telegraph թերթը, Լոնդոնը մտադիր է այսօր Իսրայելի ղեկավարությանը պաշտոնապես մեղադրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ազդեցիկ դեմքերից մեկի՝ Մահմուդ ալ-Մաբխուխի՝ Դուբայում տեղի ունեցած սպանության մեջ:
Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպան Ռոն Պրոզերին երկուշաբթի արդեն կանչել են ԱԳՆ, որտեղ նա ծանոթացել է բրիտանական իշխանությունների վարած հետաքննության արդյունքների հետ:
Սպասվում է, որ արտաքսման մասին պաշտոնապես կհայտարարի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդը՝ խորհրդարանում ունենալիք ելույթի ընթացքում:
Միեւնույն ժամանակ բրիտանական իշխանությունները խոստովանում են, որ չեն կարողացել լիովին ապացուցել, թե անձնագրերի կեղծման ետեւում կանգնած է իսրայելական «Մոսադ» հետախուզությունը: Իսրայելական կողմի մեղավորության ապացույցն է այն փաստը, որ բրիտանական հպատակների անձնագրերը պատճենահանվել են, երբ դրանց տերերն Իսրայելում անցնում էին նախաթռիչքային ստուգումը:



























