Չինաստանում ոստիկանության հատուկ գործողության շնորհիվ հաջողվել է երեխաների առեւանգմամբ եւ առեւտրով զբաղվող ընդհատակյա հանցավոր ցանց չեզոքացնել: 92 երեխա ազատվել է, 300-ից ավելի կասկածյալներ ձերբակալվել են, հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանները երեխաների առեւտրով զբաղվողներին հետապնդում էին մոտ կես տարի: Հանցավոր ցանցը գործում էր ՉԺՀ մի քանի նահանգներում՝ մի քանի ստորաբաժանումներով: «Կենդանի ապրանքը» ձեռք էին բերում Յունան եւ Սիչուան նահանգներում, հետո ուղարկում այլ նահանգներ, որտեղ էլ նրանց վաճառքով էին
զբաղվում, հայտնում է Russia Today-ը:
Չինաստանում երեխաների առեւանգումն ու առեւտուրը լրջագույն խնդիր են դարձել:
Երկրում ամեն տարի հարյուրավոր, անգամ հազար երեխաներ են անհայտանում: ՉԺՀ-ում ծնելիությունը կարգավորող խիստ օրենքներ են գործում: Հանցախմբերը երեխաներ են գողանում եւ վաճառում անզավակ զույգերին: Սովորաբար Չինաստանում շատ են արու զավակ ցանկացողները, այդ պատճառով շուկայում նրանց գինը հասնում է մինչեւ 6 հազար դոլարի: Որոշ աղքատ ընտանիքներ իրենք են վաճառում երեխաներին՝ գոյատեւելու համար:





























