Իտալական «Alitalia» ընկերության «А-320» օդանավը սեպտեմբերի 29-ի երեկոյան դուրս է եկել Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանի թռիչքուղուց, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իտալական ANSA գործակալությունը:

Օդանավում եղել է 151 ուղեւոր, որոնցից մոտ 10-ը թեթեւ վնասվածքներ են ստացել: Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել, հաղորդում է Agence France-Presse-ը:

A320 օդանավը թռչում էր Մադրիդից: Վայրէջքի պահին օդաչուն հայտնաբերել է, որ աջ շասսին սարքին չէ: Անձնակազմն անսարքության մասին հաղորդել է օդանավակայանի համապատասխան բաժնին, որը պատրաստության բարձր մակարդակի է բերվել: Օդանավը, նախքան վայրէջքը, մի քանի պտույտ է գործել օդանավակայանի երկնքում, հետո վայրէջքի պահին կանգ է առել թռիչքուղու գրեթե ծայրին եւ թեքվել դեպի աջ թեւը:

Ներկայումս հատուկ հանձնաժողովն ուսումնասիրում է վթարային վայրէջքի պատճառներն ու հանգամանքները: