Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը եւ կանխարգելումը շարունակում են առաջնահերթություն հանդիսանալ Հայաստանի համար։ Այս մասին, սեպտեմբերի 28-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այս տարվա մարտին Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց «Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը», որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից եւ համահեղինակվել էր ավելի քան 60 երկրների կողմից:

Մենք անհրաժեշտ քայլեր կնախաձեռնենք՝ ուղղված ցեղասպանության հանցագործության նոր դրսեւորումների կանխմանը, միաժամանակ առաջնային նշանակություն տալով մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության եւ ժխտողականության հարցերին:

Որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ` Հայաստանն աներկբա ողջունում է ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ բացառելու որեւէ անձեռնմխելիության կամ ներման հնարավորություն մարդկության դեմ հանցագործություն կատարողների համար»,-իր ելույթում հայտարարել է Նալբանդյանը:

Անդրադառնալով փաստին, որ այս տարվա մայիսից Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, Նալբանդյանը նշել է, որ երկու կազմակերպությունների միջեւ համագործակցությունը ամուր հիմքերի վրա է այլատյացության, անհանդուրժողականության, ատելության սերմանման դեմ պայքարում: Այս խնդիրները նաեւ Եվրախորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից են, դրանք կարեւորագույն խնդիրներ են թե՛ ՄԱԿ-ի, թե՛ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների համար։

«Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին եւ պատրաստ ենք մեր ներդրումը բերելու այդ գործին: Հավատում ենք, որ բարեփոխումները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու կազմակերպության դերը՝ միջազգային հանրության առջեւ ծառացած առանցքային խնդիրներին լուծումներ գտնելու համար»,-ընդգծել է նա: