Թուրքիայի Մալաթիա քաղաքի Չավուշօղլու թաղամասի հայկական Թաշհորոն եկեղեցին վերանորոգելու համար մզկիթներ կառուցող եւ վերանորոգող մի միություն դիմել է մշակույթի նախարարություն:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` 18-րդ դարում կառուցված եկեղեցու վերանորոգման անհրաժեշտության մասին դեռեւս 2002-ին ասել է Հրանտ Դինքը, ով այցելել էր հիշյալ եկեղեցի: Մզկիթներ կառուցող միության նախագահ Լաթիֆ Յլդրըմը նշել է, որ իրենք եկեղեցին վերանորոգելու որոշում կայացրել են 2009-ին եւ այդ մասին կիսվել են նաեւ Մալաթիայի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների հետ, քանի որ բոլորը իրավունք ունեն կրոնական արարողությունների: «Եվրոպայում էլ շատ մզկիթներ կան, ինչը նշանակում է, որ կա հանդուրժողականություն: Մալաթիայի եկեղեցին կառուցվել է 280 տարի առաջ` Օսմանյան ժամանակաշրջանում եւ նշանակում է այն ժամանակ նույնպես եղել է կրոնական հանդուրժողականություն: Մշակույթի նախարարություն անհրաժեշտ դիմումները տվել ենք: Ոչ մի խնդիր չենք տեսնում մերժելու համար: Եկեղեցու վերականգնմանը կաջակցի նաեւ Մալաթիայի քաղաքապետարանը»,-նշել է միության նախագահը:



























