Երեւանի քաղաքապետարանի եւ Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջեւ համագործակցության շրջանակում Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում ֆրանսիական քաղաքաշինության ինստիտուտի մասնագետ Ադըլին Մաղքին ներկայացրել է իր ուսումնասիրությունը Երեւանի ժառանգության եւ պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերալ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ ներկայացվել են նաեւ մի շարք առաջարկներ՝ կապված ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր տարբերակների հետ:

Շնորհանդեսին ներկա են եղել ԵՃՇՊՀ դեկան  Սարգիս Թովմասյանը, համալսարանի դասախոսներ, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի ներկայացուցիչ Լորի Հեքիմյանը, ներկայացուցիչներ Երեւանի քաղաքապետարանից, նաեւ` ճարտարապետներ եւ ուսանողներ։ Շնորհանդեսին հաջորդել է ներկայացված թեմայի վերաբերյալ քննարկում:

Ադըլին Մաղքին ընդգծել է, որ Երեւանն ունի յուրօրինակ եւ հարուստ պատմական ժառանգություն, որn առավել շատ պետք է ներկայացվի օտարերկրյա հանրությանը: Երեւանում կատարված ուսումնասիրություններին ցուցաբերած աջակցության համար նա հատուկ շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետարանին: