Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 7-ին, Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի աշխատանքներին, որտեղ քննարկվել են  կառույցի  անդամակցությանը վերաբերող հարցեր, կազմակերպության նախագահի եւ գլխավոր քարտուղարի հաշվետվությունները, ներկայացվել է Միջխորհրդարանական միության  2014 թ. ծրագիրը եւ բյուջեի նախագիծը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը:

Ղեկավար խորհրդի նիստից հետո աշխատանքներն է սկսել Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին  125 երկրների շուրջ 1200 պատվիրակներ, 45 երկրների խորհրդարանների նախագահներ: Բացման խոսքով հանդես է եկել  Միջխորհրդարանական միության նախագահ Աբդելվահադ Ռադին: Առաջին օրը վեհաժողովը քննարկել է «Դեպի միջուկային զենքից զերծ աշխարհ. խորհրդարանների դերակատարությունը» հարցը: ՄՄ հանձնաժողովներում քննարկվել են «Խորհրդարանների դերակատարությունը երեխաների, մասնավորապես առանց չափահասների ուղեկցության միգրանտ երեխաների իրավունքները պաշտպանելու եւ պատերազմական իրավիճակներում ու հակամարտությունների ժամանակ նրանց շահագործումը կանխարգելելու գործում» եւ «Զենքի վաճառքի մասին» պայմանագրի հետեւանքներն ու դրա մասով գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1540 «Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման մասին» բանաձեւի իրականացումը հարցերը: