Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների եւ առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Բրյուսելում, Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ԵՄ հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խորը եւ ընդլայնված համագործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին:

«Հայաստանը, ԵՄ աջակցությամբ, անցել է բարեփոխումների կարեւոր ճանապարհ։ Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ շարունակական աջակցությունը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։

Նա կարեւորել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարժունակության բնագավառում՝ ընդգծելով, որ արդեն երկու տարի  է, ինչ ստորագրվել է Եվրոպական միության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, իսկ անցյալ դեկտեմբերին՝ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով` լուրջ ներուժ կա ոլորտային համագործակցության բնագավառում, որը ներառում է տասնյակ ուղղություններ։ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ անցյալ դեկտեմբերին ստորագրված Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Շրջանակային համաձայնագրի արձանագրությամբ Հայաստանին հնարավորություն է ընձեռվում մասնակցություն ունենալ ԵՄ տարբեր ծրագրերում:

Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։

Հանդիպմանն անդրադարձ է արվել Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցությանը։