Հյուսիսային Կորեան Շվեյցարիային մեղադրում է «մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ»՝ ճոպանուղու խցիկների վաճառքը մերժելու համար: The Washington Post-ը նշում է, որ միջուկային զենք արտադրող երկիրը ճոպանուղու խցիկների արտադրման տեխնոլոգիա չունի:
Սահմանված պատժամիջոցների համաձայն՝ եվրոպական երկրները չեն կարող ճոխության առարկաներ մատակարարել ԿԺԴՀ-ին: Հյուսիսային Կորեան խցիկների համար միլիոնավոր դոլարներ էր առաջարկել Ավստրիայի եւ Ֆրանսիայի ընկերություններին, սակայն վերջիններս հրաժարվել էին: Այդ ժամանակ ԿԺԴՀ-ն ստիպված էր եղել 7,7 միլիոն դոլար առաջարկել շվեյցարական ընկերությանը՝ լեռնադահուկային սարքավորումների համար: Հազիվ համաձայնության էին եկել, սակայն Շվեյցարիայի կառավարությունը արգելել է գործարքը:
Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հրապարակել է ԿԺԴՀ-ի դիրքորոշումը՝ ի պատասխան գործարքի վրա դրված արգելքին. «Դա անընդունելի ծաղր է ԿԺԴՀ-ի սոցիալական հասարակարգի եւ ժողովրդի նկատմամբ, ու մարդու իրավունքների լուրջ խախտում, որը քաղաքականացնում է սպորտը եւ խտրական վերաբերմունք դրսեւորում կորեացիների նկատմամբ», հաղորդում է gazeta.ru-ն:





























