Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահությանը` ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ:
Ցավակցական ուղերձում ասված է.
«Հարգելի ԵԺԿ անդամներ,
Մեծագույն վշտով տեղեկացանք ԵԺԿ նախագահ պարոն Վիլֆրիդ Մարթենսի անժամանակ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եւ կարեկցանքս եմ հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Անգնահատելի է պարոն Մարթենսի ներդրումը Եվրոպայի քաղաքական միասնության, ինչպես նաեւ եվրոպական արժեքների տարածման գործում:
Հայաստանը բարձր է գնահատում պարոն Մարթենսի անձնական ավանդը «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության կայացման եւ առաջմղման հարցում:
Հիշարժան է նաեւ պարոն Մարթենսի անձնական նվիրումը Հայաստանի մերձեցմանը եվրոպական արժեհամակարգին եւ քաղաքական ընտանիքին: Նրա ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանի երեք կուսակցություններ դարձան ԵԺԿ անդամ:
Պարոն Մարթենսի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում»:





























