Բրիտանական ВВС մեդիաընկերությունը խաբում է հանդիսատեսին՝ դեկորացիաներում կամ կենդանաբանական այգիներում նկարահանված կադրերը ներկայացնելով որպես իրական: Այդ մասին հայտարարել է կինոօպերատոր Դուգ Ալանը, ով հռչակավորվել է կենդանիների վերաբերյալ փաստագրական ֆիլմերի վրա կատարած իր աշխատանքի շնորհիվ:

Փաստագրական ֆիլմերի որոշ հատվածների կեղծարարության մասին Դուգ Ալանը պատմել է Հյուսիսային բեւեռում կատարած աշխատանքների ու ճանապարհորդության մասին իր գրքի շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքով՝ հեռուստաընկերության աշխատակիցները հազվադեպ են նկարահանում կենդանի բնությունը՝ նախընտրելով դեկորացիները կամ նախօրոք պայմանավորվելով կենդանաբանական այգիների հետ, հաղորդում է Russia Today-ը:

Օրինակ, 2011թ.-ին էկրան բարձրացավ սպիտակ արջերի մասին «Frozen Planet» ֆիլմը, որի հեղինակն էր հայտնի բրիտանացի բնագետ սըր Դեվիդ Ատենբերոն, որտեղ ցույց էին տալիս, թե ինչպես են արջի ձագերը լուսյ աշխարհ գալիս: Պարզվում է, որ տեսարանը նկարահանել են ամենեւին ոչ Հյուսիսային Բեւեռում, այլ Դանիայի կենդանաբանական այգում: Դուգ Ալանի խոսքով՝ որոշ կադրեր ֆիզիկապես անհնար է «կենդանի» նկարահանել՝ օրինակ, ճագարի կամ մկան բնից: Ուստի ոչ մի դեպքում չի քննադատում BBC-ին տեսարանների համար, որոնք էկրանին են գամում հանդիսատեսին:Իր հերթին սըր Դեվիդ Ատենբորոն պնդում է, որ «խաբեության» միջոցը միանգամայն թույլատրելի է, հատկապես, եթե խոսքը որակյալ հեռուստատեսային արտադրանքի ստեղծման մասին է: Միակ թերություն նա համարում է այն, որ պետք է նախազգուշացնել նման կեղծարարության մասին, եւ այն, որ նկարահանման մասնակցել են վանդակում ծնված ու մեծացած կենդանիներ: