2013թ. Նոբելյան խաղաղության մրցանակն ստանալու ամենամեծ շանսերն  ունի թալիբների հարձակմանը ենթարկված պակիստանցի 16-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը:  Այսպիսին են բրիտանական WilliamHill բուգմեյքերական գրասենյակի տվյալները:
Մալալայի շանսները գնահատվում են 4/7 հարաբերակցությամբ: Երկրորդ տեղում է  գինեկոլոգ Դենիս Մոքվեգեն, որը Կոնգոյի պատերազմի ժամանակ բռնաբարված հազար կին է փրկել: Նրա շանսերը գնահատվում են 6/4:

Երրորդ տեղում են ամերիկյան հատուկ ծառայություներին դիմակազերծած Էդվարդ Սնոուդենը եւ ամերիկացի հասարակական գործիչ Ջին Շարպը, որը քարոզում է բռնապետական վարչակարգերի դեմ պայքարի ոչ բռնի մեթոդներ: Նրանց հնարավորությունները գնահատվում են 20/1:

Թեկնածուների շարքում թվարկում են նաեւ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթնին,  WikiLeaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մենինգին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին:  Թեկնածուների շարքում միայն մեկ կազմակերպություն կա` Facebook-ը` 50/1 շանսերով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոբելյան խաղաղության մրցանակակրին կհայտարարեն հոկտեմբերի 11-ին` Օսլոյում: 2012թ. Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել էր ԵՄ-ին` Եվրոպայում խաղաղության առաջընթացի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գործում ունեցած 60-ամյա ավանդի համար: