Ուկրաինայի եւ ԵՄ համաձայնագիրը Ռուսաստանի հաշվին չի կնքվում: Այս մասին հայտարարել է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ելույթ ունենալով Կիեւում:
«Որպեսզի սխալներ չլինեն. Ասոցացման մասին համաձայնագիրը Ռուսաստանի հաշվին չի կնքվում: Հակառակը, Ռուսաստանը եւս մեծ առավելություններ կստանա «Արեւելյան գործընկերության» երկրների ինտեգրումից»,-ասել է Ֆյուլեն:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը «չի վերցնում ձեր ինքնիշխանությունը, համաձայնագիրն ամրապնդում է այն»:
«Մենք այն կարծիքին ենք, որ համաձայնագիրը պետք է մեծ ներդրում ունենա ավելի երկարատեւ հեռանկարային ապագայում՝ ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու»,-հավելել է Ֆյուլեն:
Գերագույն Ռադայում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ նա հավելել է, որ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտին, որը կգործի, եթե ԵՄ եւ Ուկրաինայի միջեւ Ասոցացման մասին համաձայնագիր կնքվի, ուկրաինական տնտեսության համար կապահովի տարեկան վեց տոկոսի հավելաճ, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:
«Մենք գնահատող հետազոտություն ենք անցկացրել նախքան բանակցությունները եւ կարծում ենք, որ ՀՆԱ-ի տարեկան հավելաճը կկազմի վեց տոկոսից ավելին, եթե ազատ առեւտրի գոտին լիովին ներդրվի»,-ասել է Ֆյուլեն:





























