Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին ընդունել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին եւ Լոս Անջելեսի Երեւանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի մի խումբ անդամների։
«Ուրախ եմ, որ շարունակում եք Ձեր ծրագրերը Հայաստանում` ուշադրության կենտրոնում պահելով կանանց առողջության խնդիրները»,-ողջունելով հյուրերին, ասել է նախարարը։
ԱՄՆ-ից ժամանած մասնագետները Դերենիկ Դումանյանի հետ քննարկեցին թե՛ հերթական այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումները, թե՛ նախանշվող հետագա ծրագրերը Հայրենիքում։
Ամերիկահայ բժիշկները ելութներ կունենան Օստեոպորոզին նվիրված 7-րդ միջազգային գիտաժողովում եւ իրենց փորձը կհաղորդեն մեր մասնագետներին։ Կկազմակերպեն կանանց առողջությանը նվիրված կլոր սեղան, առողջության քայլարշավ, եւ մի շարք այլ միջոցառումներ։ ԵՊԲՀ-ի շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար Մարիամ Մանուկյանը կարեւորել է «Առողջ ապագա» ակցիան, որի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հոկտեմբերի 13-ին Երեւանի պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճի ճեմասրահում 50 տարեկանից բարձր 1000 եւ ավելի մարդկանց շրջանում անվճար հետազոտություններ եւ խորհրդատվություններ կիրականացնեն դիաբետի, բարձր զարկերակային ճնշման, օստեոպորոզի եւ այլ հիվանդությունների ախտորոշման ուղղությամբ։
«Մենք եւս չափազանց կարեւորում ենք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը։ Այդ ուղղությամբ 2014 թվականին մեծ ծրագրեր են նախատեսվել։ Համաշխարհային բանկի դրամաշնորհով ամենից տարածված եւ ամենաբարձր մահացություն բերող երեք հիվանդությունների` սրտանոթային, դիաբետիկ եւ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ` ազգաբնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ, սկրինինգ ծրագրեր կիրականացվեն։ Այժմ նախապատրաստական փուլում ենք` թիրախային խմբերը եւ առաջնային օղակի բուժհիմնարկների գործիքային ապահովվածությունն է ճշտվում եւ այլ աշխատանքներ են տարվում, որպեսզի միջոցները հնարավորինս արդյունավետ ծախսվեն»,-ասել է նախարար Դումանյանը։
Որոշվել է «Առողջ ապագա» ակցիայի արդյունքները քննարկել նախարարության սկրինինգային ծրագիրը նախապատրաստող խմբի հետ։
Ջոն Բիլեզիկյանն իր գոհունակությունն է հայտնել այն առթիվ, որ իրենց կողմից Հայաստան բերված ոսկրի խտությունը որոշող 6 սարքը (դենսիտոմետր) հաջողությամբ կիրառվում են թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում։ Նաեւ տեղեկացրել է, որ անհարժեշտության դեպքում առաջիկայում եւս կարող են Հայաստանի համար նման սարքեր ձեռք բերել։ Քննարկվել են հետագա համագործակցությունն առավել համակարգված եւ արդյունավետ դարձնելու հարցեր։
Նախարար Դումանյանն իր հյուրերին նաեւ ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը։




























