Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է մեկնել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ֆրանսիական կողմի հետ համագործակցող մարզերի եւ համայնքների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ:

Մինչ Վալանս մեկնելը, փոխվարչապետը հոկտեմբերի 14-ին Փարիզում երկկողմ հանդիպումներ կունենա ֆրանսիացի գործընկերների հետ: Հոկտեմբերի 15-ին նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Լիոնում՝  քաղաքային եւ  նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 16-ին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի բացմանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես կգա ելույթով:

Համաժողովի ընթացքում կկազմակերպվի «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացում. ներկայի եւ ապագայի խնդիրներ ու նպատակներ» թեմայով կլոր սեղան, ինչպես նաեւ քննարկումներ կծավալվեն չորս` «Զբոսաշրջություն», «Կրթություն եւ մշակույթ», «Տեղական տնտեսություն»  եւ «Գյուղատնտեսություն» աշխատախմբերում:

Համաժողովի շրջանակում կստորագրվի նաեւ «Հայաստանի համայնքների միության» եւ  Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնի միջեւ համագործակցության նորացման համաձայնագիրը:

Աշխատախմբերի քննարկումների ամփոփումից հետո նախատեսվում է համաժողովի հռչակագրի ընդունում:

Համաժողովի աշխատանքների ավարտից հետո Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված մարզպետներն ու համայնքների ղեկավարները կմեկնեն գործընկեր համայնքներ եւ տարածաշրջաններ` տեղերում փոխգործակցության հեռանկարների քննարկման եւ հնարավորություններին ծանոթանալու համար:

Ֆրանսիայի հետ առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. Հայաստանի շուրջ  երեք տասնյակ համայնքներ, այդ թվում` մայրաքաղաք Երեւանը,  արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ: Մարզերից Գեղարքունիքը համագործակցում է  Ռոն Ալպի տարածաշրջանի, Շիրակը` Իզերի, Լոռին` Բուշ դյու Ռոնի հետ:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին  համաժողովը տեղի էր ունեցել 2010թ-ին, Երեւանում: Այս ձեւաչափն ուղղված է միջտարածաշրջանային  եւ միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: