Սիրիական գրոհայինների խնդիրը չափազանց կարեւոր եւ արդիական է: Այս մասին Հայաստանում կայացած ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների  ղեկավարների խորհրդի 35-րդ նիստի ավարտից հետո հայտարարել է ՌԴ ԱԴԾ-ի ղեկավար, ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը:

«Սա վերաբերում է ոչ միայն ԱՊՀ երկրներին, այլեւ՝ եվրոպական գործընկերներին», - ընդգծել է Ալեքսանդր Բորտնիկովը, հավելելով, որ Կազանում կայացած խորհրդի 12-րդ նիստի ժամանակ այդ թեման քննարկվել է:  «Դա առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ թեժ գոտիներ հանցագործների միգրացիան ավարտվում է նրանով, որ նրանց մի մասը վերադառնում է հետ՝  արդեն մարտական փորձառություն ունենալով: Նրանք հավանական սպառնալիք են բոլորիս համար: Մենք այդ հարցը շատ ենք կարեւորում», - նշել է ԱԴԾ-ի նախագահը: Բորտնիկովը հայտնել է, որ ներկայումս Սիրիայում մինչեւ 500 ռուսաստանցի  գրոհային կա:  Ըստ նրա՝ ԱՊՀ մյուս երկրներից գնացածների թիվը նույնպես քիչ չէ՝ մի քանի տասնյակից, մինչեւ հարյուրներ: