Արգենտինան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացմամբ եւ արգենտինյան գործարարների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը եւ գործարար համաժողովը դրա վկայությունն են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Արգենտինայի արտաքին առեւտրի քարտուղար Բեատրիս Պագլիերը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա Հայաստան է ժամանել հայ-արգենտինյան գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության զարգացման կապակցությամբ նշելով, որ այդ գործընթացում կարեւոր դերակատարություն ունի արգենտինահայ համայնքը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությունը խթանելու ուղիների շուրջ, կարեւորվել են գյուղատնտեսության, թեթեւ արդյունաբերության, սննդի վերմշակման, դեղագործության եւ տուրիզմի ոլորտներում համագործակցությունը:
Երկուստեք նշվել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականցումը կարեւոր գործոն է համագործակցության եւ փոխանակումների ընդլայնման համար:





























