Ղրղըզստանի Կարի-Ժիգաչ գյուղի բնակիչները ավերածությունների են ենթարկել ավստրալական «Z-Explorer»-ի գրասենյակը, որը հանրապետության հարավում գտնվող Շամբեսայ ոսկու հանքի արտոնագրի է տիրապետում: Բնակիչները պահանջում են կանգնեցնել հանքի աշխատանքները, հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից:
Մամուլի ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 18-ին ընկերությունը արտոնագրված տարածքում սարքավորումներ է տեղադրել, որոնք անհրաժեշտ են աշխատանքների իրականացման համար: Նախապես կազմակերպված մարդկանց խումբն արգելափակել է մուտքը, գրավել տեխնիկան ու սպառնացել նետել այն գետը: Ընկերության աշխատողների ու միջնորդների հասցեին հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչել: Հարձակման հետեւանքով ընկերությանաշխատակիցներից մեկին տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Z-Explorer»-ը Շամբեսայի հանքավայրի առաջին հայտնաբերողն էր: Աշխատանքների սկզբից ընկերության կողմից Ղրղըզստանի լեռնահանքային արդյունաբերության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 15 մլն դոլար:
Ինչպես հաղորդում են ղրղըզական լրատվամիջոցները, այս պահին ավելի քան 200 ցուցարարներ շարունակում են գրաված պահել ընկերության տեխնիկան: Տեղական իշխանությունները ակցիա մասնակիցների հետ բանակցություններ են վարում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսիկ-Կուլի մարզի բնակիչները Ղրղըզստանի հյուսիսում մի քանի անգամ անկարգություններ են կազմակերպել՝ պահանջելով ազգայնացնել Կուտմորի ոսկու խոշորագույն հանքը, որը շահագործում են կանադացի ներդրողները:




























