ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը Լեռնային Ղարաբաղում տեղակայելը հնարավոր է միայն երկու պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ:
Այս մասին հոկտեմբերի 21-ին կայացած տեսաասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ հավելելով, որ «Լեռնային Ղարաբաղի պարագայում խաղաղապահական առաքելության հարց դրված չի եղել»:
Ռուսաստանի Հարավային օկրուգում, որի կազմում ընդգրկված է նաեւ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանը, սպասվող համալրման եւ վերազինման մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պատասխանեց, որ նման որոշումներ կայացնելիս միշտ հաշվի է առնվում Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ հավասարակշռության հարցը:
«Ինչ վերաբերում է ռուսական բանակի ստորաբաժանումների վերազինմանը, ապա այդ գործընթացը մշտական է: 102-րդ կայանը նույնպես այդ ստորաբաժանումների մեջ է մտնում, եւ այն նույնպես ենթարկվում է մշտական արդիականացման եւ կատարելագործման», - ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան: Նա հավելել է, որ արդիականացումը ծրագրային գործընթաց է, եւ առաջիկայում կավարտվի ռուսական զինված ուժերի վերազինումը՝ նոր զինատեսակներով: Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի` այդ աշխատանքն իրականացվում է բավականին ինտենսիվ: «Այդ աշխատանքի շրջանակում իրականացվում է նաեւ Ռուսաստանի հարավում գտնվող խմբավորումների վերազինում», - ամփոփել է Բորդյուժան:
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ այս տարվա վերջին Հարավային ռազմական օկրուգնի զորամասերը, որոնց կազմում է նաեւ Գյումրիի 102-րդ կայանը, համալրվելու են նոր եւ արդիականացված ռազմատեխնիկայի միավորներով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























