Կա Հայաստանի ղեկավարության համապատասխան հայտարարությունը այն առնչությամբ, որ Երեւանը ծրագրում է անդամակցել Մաքսային միությանը եւ ԵՄ-ի հետ փաստաթղթեր առայժմ չեն ստորագրվելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի եւ Հայաստանի հետագա համագործակցությանն այն դեպքում, եթե ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրն, այնուամենայնիվ, նախաստորագրվի:
Հարցին, որ ՀԱՊԿ որոշ անդամ-պետություններ ոչ բարյացկամ վերաբերմունք ունեն Հայաստանի հանդեպ, նա ընդգծել է, որ խիստ քննադատություն չի եղել: «Այնպիսի հարցերը, այդ թվում, երբ պետությունը ոչ այնքան համակարգված կերպով է գործում որոշ գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ, միշտ են առաջանում: Եվ դրա համար, որպես կանոն, անցկացվում է երկրների ղեկավարների խորհրդի նիստ՝ նեղ կազմով, որտեղ քննարկվում են գործընկերների գործողությունների հետ կապված մտահոգությունները»,-ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան՝ կարծիք հայտնելով, որ դա նորմալ պրակտիկա է պետությունների համար, որոնք միեւնույն ռազմաքաղաքական բլոկի անդամ են:
Նրա համոզմամբ՝ դա ամբողջությամբ բարեկամական քննադատություն է եւ նման հարցերի քննարկումը պետք չէ որակել որպես խիստ քննադատություն կամ ոչ բարյացկամ ու թշնամական դիրքորոշում:





























