Հայաստանյան դատական համակարգի պատասխանատուներն առիթը բաց չեն թողնում գովելու բարեփոխումների ընթացքը, վստահեցնում են, որ հանրության վստահությունը գնալով աճում է դատարանների եւ դատավորների նկատմամբ, սակայն կան դատավորներ, որոնք, կամա թե ակամա, մրոտում են դատավորի պատմուճանը:

Այս տարի Հայաստանի արդարադատության խորհուրդը կարգապահական  տույժեր էր կիրառել թվով 13 դատավորների նկատմամբ: Այդ դատավորներից Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին նախազգուշացում էր հայտարարվել: Հովսեփյանը դատավոր է աշխատում 1996 թվականից, իսկ 1999 թվականից արդարադատություն է «իրականացնում» Շենգավիթի դատարանում՝ հիմնականում զբաղվելով սեփականության իրավունքի խնդիրներով:

Դեռեւս 2006թ. օգոստոսին «Ժամանակ» թերթը անդրադարձել էր այս դատավորի գործունեությանը՝ նշելով,  որ Նաիրա Հովսեփյանը, դատաբժշկական փորձաքննություններ է նշանակել երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող եւ օլիգորֆրենիա հիվանդությամբ տառապող անձի նկատմամբ, նրա մի քանի ազգականների դրդմամբ փորձելով վերջինիս անգործունակ ճանաչել եւ ուղարկել հոգեբուժարան, որպեսզի վերջինիս տունը բաժին հասնի ազգականին: Փորձաքննություն նշանակելու իրավունքը, ի դեպ, ըստ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, դատավորը չուներ:

2013թ. ստացած նախազգուշացումը վերաբերում է միանգամից չորս տարբեր քաղաքացիական գործերի: Այդ գործերից մեկը՝ «Մաթեւոսյանն ընդդեմ Մաթեւոսյանի» թիվ ԵՇԴ/1426/02/10 գործի քննությունը տեւել է երկու տարուց ավելի, հրավիրվել են 43 նիստեր, իսկ արդյունքում որոշումը բեկանվել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, իսկ Վճռաբեկ դատարանը հաստատել էր Վերաքննիչի որոշումը:

Սեփականության իրավունքի վերաբերյալ մեկ այլ՝ «Սարգսյանն ընդդեմ Կադաստրի եւ հարեւանների», թիվ ԵՇԴ/0045/02/09 գործի քննությունը տեւել է 3 տարուց ավելի, այժմ էլ մեկ տարուց ավելի կասեցված է: Iravaban.net կայքի փոխանցմամբ, սույն քաղաքացիական գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են շինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու, այլ քաղաքացիական գործերով դատական նիստերը շարունակվելու, դատավորի արձակուրդի մեջ գտնվելու, փորձագետի եզրակացությունը չստանալու եւ այլ պատճառաբանություններով:

«Հովհաննիսյաններն ընդդեմ Հարությունյանների»  թիվ ԵՇԴ/0713/02/10 քաղաքացիական գործի քննությունն էլ տեւել է մոտ 27 ամիս, եւ 38 նիստ: Արդարադատության խորհուրդն ինքն է արձանագրել, որ դատավորը որեւէ միջոց չի ձեռնարկել քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու ուղղությամբ, խախտել է օրենսդրությամբ եւ Դատավորի վարքագծի կանոններով սահմանված գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

«Առավոտ» օրաթերթն էլ այս տարվա հունիսին էր անդրադարձել դատավոր Նաիրա Հովսեփյանի գործունեությանը: Ըստ թերթի, նախկին ամուսիններ Հրաչյա Մխեյանի և Հասմիկ Մխեյանի գործով «դատավոր Նաիրա Հովսեփյանը կատարել է օրենքի կոպիտ խախտում, որն ապացուցվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, որտեղ բողոք էր ներկայացրել Հասմիկ Մխեյանը»: «Խնդիրն այն է, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը գտել է, որ բազմաբնակարան շենքի գույքը հնարավոր չէ կիսել և այդ իսկ պատճառով որոշում է կայացրել, որ այն պետք է հրապարակային սակարկություններով վաճառվի»,- գրել էր թերթը՝ նշելով, որ Հասմիկ Մխեյանի շահերի պաշտպան Մարո Խաչատրյանը պատրաստվում է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ, ով նույնացվելով փորձագետին` ինքն է որոշել թե տվյալ բնակարանը հնարավո՞ր է առանձնացնել, թե` ոչ:

Հանրությունն ավելի շատ տեղեկատվություն է ստանում քրեական գործերով, որոնք ավելի աղմկահարույց են, սակայն երբեմն քաղաքացիական գործերով ոչ պակաս լուրջ խախտումներ են կատարվում: Եթե արդարադատության պատասխանատուները ցանկանում են, որ համակարգը վստահություն ներշնչի, պետք է առաջին հերթին դատավոր նշանակեն օրենք եւ իրավունք հարգող անձանց, այլ ոչ նրանց, ովքեր պարբերաբար խախտում են օրենքները, դատավորի վարքագծի կանոնները, եւ 5-րդ շարասյան դեր են կատարում՝ իրենց վարքով վնասելով արդարադատության համակարգին: