Դինքի սպանության գործով անցնող մեղադրյալներից Էրհան Թունջելը, ում փնտրում է ոստիկանությունը, սենսացիոն հարցազրույց է տվել թուրքական Star պարբերականին՝ շեշտելով, թե իր պաշտպանական ճառն ավարտելուց հետո կներկայանա իրավապահներին։
Թուրքական Star պարբերականի թղթակիցը հայտնաբերել է ոստիկանության կողմից հետախուզվող Էրհան Թունջելին եւ հարցազրույց արել։ Դինքի սպանության գործով որպես սպանության ուղղորդող անցնող Էրհան Թունջելը հայտնել է, թե մտադրություն չունի փախչել եւ 15 օրվա ընթացքում կներկայանա իրավապահներին, իսկ մինչ այդ ինքը պետք է ավարտի ՄԻԵԴ ուղարկվելիք իր պաշտպանական ճառը։
Էրհան Թունջելը նշել է, թե Դինքի սպանությունը ցույց է տալիս, որ պետության մեջ «Էրգենեկոնից» ավելի բարձր կառույց կա, որն էլ մշտապես կանխում է հանցագործության բացահայտումը։ «Ես այդ գործում մի փոքրիկ մասիկ եմ։ Ես Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի գիրքը կարդացել եմ, որտեղ նա եեւս գտել է «Էրգենեկոնին» անցնող կառույցի հետքեր»,-ասել է Թունջելը։
Թունջելը պնդել է, թե իր նկատմամաբ դատարանի արձակած կալանման որոշումն անարդար է, քանի որ այդ դեպքում պետք է մյուս կասկածյալներին եւս կալանավորել։
«Իմ պաշտպանական ճառի հետ միասին կներկայացնեմ նաեւ Տրապիզոնի ոստիկանության հետ կապված տեղեկություններ այն ժամանակահատվածի հետ կապված, երբ եղել եմ ոստիկանության հետախուզության գործակալի օգնական։ Այս գործում պետք է ուսումնասիրվի Տրապիզոնի ժանդարմերիան։ Սպանության մեջ նրանց դերը մեծ է։ Այս գործը «Էրգենեկոնից» ավելի բարձր կառույցի գործ է։ Հրանտ Դինքի սպանության գործի դոսյեն ամբողջովոին սխալ է։ Այս սպանության հետ պետությունը կա չունի։
Հրանտ Դինքի սպանությունը նման է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Կարմիր կիրակի» վեպի սպանությանը։ Մարկեսը պատմում է, թե սպանությունն ինչպես է աչքի առաջ տեղի ունենում։ Բոլորը գիտեին, որ Դինքին սպառնում են, սակայն չկանխեցին»,-նշել է Էրհան Թունջելը։
Նշենք, որ Թուրքիայում վճռաբեկի կողմից Հրանտ Դինքի սպանության գործով վճռի բեկանումից հետո սեպտեմբերի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում վերսկսված դատավարության ժամանակ որոշում է կայացվել ձերբակալել սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելին, ով ազատ էր արձակվել Դինքի գործով վճռի հրապարակումից հետո։
Այս տարվա մայիսին Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը վճռաբեկ 9-րդ դատարանում բեկանվելուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան:





























